Փետրվարի 1-ից Արմեն Սարգսյանն այլևս Հանրապետության նախագահը չէ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն ստորագրել է նրա լիազորությունները դադարեցված համարելու մասին արձանագրությունը։
Նախագահի պաշտոնում կառաջադրվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում երեկ տեղի է ունեցել պատգամավորների հանդիպումը Վ. Խաչատրյանի հետ։
Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարել էր հունվարի 23-ին։ Նա նշել էր, որ իր ներուժի գերակշիռ մասը չի կարողացել օգտագործել ի նպաստ այն խնդիրների լուծմանը, որոնք երկիրը հասցրել են ներկայիս ճգնաժամին։ Պաշտոնավարելու համար համապատասխան գործիքների պակաս է եղել, և նախագահի հնարավորությունները տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվել են որպես իրենց սպառնացող վտանգ:
Սահմանադրական կարգով Հանրապետության նախաՔգահի լիազորությունները ժամանակավոր կատարում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Հրաժարականից հետո քննարկվեցին նախագահի հնարավոր թեկնածուների անուններ. հնչեցին «Քաղաքացիական պայմանագրից» Արարատ Միրզոյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի անունները։
Լրատվամիջոցները գրեցին, որ ՀՀԿ-ում օրերս քննարկել են Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, սակայն վերջինս չի համաձայնել՝ ասելով, որ նախապես պարզ է գործընթացի ելքը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունում որոշել են, որ իրենք թեկնածու չեն առաջադրի, սակայն եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի, կսատարեն ընդդիմադիր թեկնածուին։ «Հայաստան» դաշինքում, սակայն, վերջնական որոշում դեռևս չունեն։
Հանրապետության նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո:
Առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր ձայների երեք քառորդը` 81 պատգամավոր։
Եթե չի ընտրվում նախագահ, ապա ընտրության երկրորդ փուլ է անցկացվում, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։
Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը՝ 64 պատգամավոր։
Նշենք, որ խորհրդարանական իշխող խմբակցությունն ունի 71 պատգամավոր, և մեծ է հավանականությունը, որ նախագահն առաջին փուլով չընտրվի։ Երկրորդ փուլի դեպքում արդեն իշխող խմբակցության քվեները բավարար կլինեն նախագահ ընտրելու համար։
Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ՝ 7 տարի ժամկետով։
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսավող, 40 տարին լրացած անձը, որը ընտրական իրավունք ունի և տիրապետում է հայերենին։
Լուսինե Գրիգորյան