Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։
Ֆրանսիայի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության վերսկսման կապակցությամբ։ Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը և ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Մակրոնը խոսել է հումանիտար կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին տուժած բնակչության մոտ անարգել մուտք ապահովելու հրատապության մասին։
Ալիևը հայտարարել է միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու մտադրության մասին։
Անդրադառնալով տարածաշրջանում «օգտակար հանածոների ապօրինի շահագործման» վերաբերյալ Ադրբեջանի մտահոգություններին՝ երկու նախագահներն էլ կարևորել են գոյություն ունեցող չափանիշներին հետևելը։
Ի վերջո, երկու նախագահները պայմանավորվել են շարունակել բանակցությունները շահագրգիռ կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնելու համար, և առաջիկա շաբաթներին կրկին կխոսեն միմյանց հետ։