Հունվարի 31-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հրավերով մեկնարկել է Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի պաշտոնական այցը Լյուքսեմբուրգ:
Բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Արման Եղոյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենին:
Սոնա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմուրգի նախագահին 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 24-ին և 2021 թվականի նոյեմբերի 10-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի միաձայն ընդունած բանաձևերի համար:
Ըստ բանաձևերի՝ երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում կառավարությանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Բանաձևով արձանագրվել է ԼՂ տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր հայերի հանդեպ բռնություն և ատելություն են տարածում: Ինչպես նաև կոչ է արվել ապահովել հայկական մշակութային ժառանգության պահպանությունը:
Խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենը, ողջունելով ՀՀ պատվիրակությանը, արձանագրել է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների հաջող ընթացքը՝ վկայակոչելով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը: Նախագահը բարձր է գնահատել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական ճանապարհը: Ֆերնան Էտգենն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը: Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերության մեջ պահվող անձանց վերադարձի հարցերին: Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները: