«Transparency International» միջազգային կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021-ի համաթիվը, ըստ որի՝ Հայաստանը հնարավոր 100 միավորից ստացել է 49-ը։
Նշենք, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը կիրառում է 0-ից՝ «բացարձակապես կոռումպացված», մինչև 100՝ «բացարձակապես մաքուր» սանդղակը: Զեկույցում ներկայացված են 180 երկրների տվյալները։ Հայաստանը 58-րդ հորիզոնականը կիսում է Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ։
«Հայաստանը վերջին հինգ տարվա կտրվածքով կոռուպցիայի ընկալման տեսակետից հաջողության օրինակ է։ 2017-ից ի վեր ՀՀ-ն 14 միավոր է վաստակել և դրանց թիվը հասցրել է 49-ի։ 2018-ից ամրապնդվել են քաղաքացիական ազատությունները, ինչը ճանապարհ է հարթում ավելի կայուն քաղաքացիական ներգրավվածության և հաշվետվողականության համար։ Չնայած առաջընթացին՝ Հայաստանում բարեփոխումների օրակարգը վերջին մեկ տարում կանգ է առել: Կառավարությունը պետք է վերահաստատի իր հանձնառությունը բարեփոխումների օրակարգին»,- ասված է զեկույցում։
Կոռուպցիայի ընկալման 2020-ի համաթվում Հայաստանը կրկին ստացել էր 49 միավոր։
Հայաստանից ավելի լավ ցուցանիշ հարևան երկրներից միայն Վրաստանն է գրանցել կոռուպցիայի ընկալման 2021-ի համաթվում՝ 55 միավոր։ Թուրքիան ստացել է 38 միավոր, Ադրբեջանը՝ 30, Իրանը՝ 25։ Ռուսաստանն ունի 29 միավոր։