Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Միացյալ Նահանգների գրավոր պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին:
Ըստ խոսնակի՝ զրույցի ընթացքում պետքարտուղար Բլինքենը ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը երկկողմ ձևաչափով և դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ ջանքերով շարունակելու կարծիքների փոխանակումը անվտանգության փոխադարձ անհանգստությունների վերաբերյալ:
«Նա նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը ինչպես Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այնպես էլ բոլոր երկրների իրավունքին՝ որոշելու իրենց արտաքին քաղաքականությունը և ընտրելու իրենց դաշնակիցներին: Պետքարտուղարը լարվածության անհապաղ թուլացման (դեէսկալացիայի) և զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի սահմաններից հեռացնելու կոչ է արել Ռուսաստանին: Նա ընդգծել է, որ հետագա ներխուժումը Ուկրաինա կհանգեցնի շատ արագ և ծանր հետևանքների, և կոչ է արել Ռուսաստանին գնալու դիվանագիտական ճանապարհով», - հաղորդել է Պետդեպի խոսնակը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բացասաբար է արձագանքել Եվրոպայում «անվտանգության անբաժանելիության» վերաբերյալ իր պարտավորությունները կատարելու Ռուսաստանի պահանջին: Լավրովը նաև հավելել է, որ այդուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համաձայնել է, որ «անվտանգության անբաժանելիության» հարցի շուրջ Ռուսաստանի հետ խոսելու բան կա:
Արտգործնախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները անվտանգության երաշխիքների առնչությամբ գերադասում է կենտրոնանալ կարևոր, բայց, այդուհանդերձ, երկրորդական հարցերի վրա:
«Ռուսաստանը պնդելու է անկեղծ խոսակցության և անկեղծ բացատրությունների վրա, թե ինչու Արևմուտքը չի ուզում կատարել իր պարտականությունները», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: