ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները փետրվարի 4-ին համատեղ հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ թեկնածու չեն առաջադրի և չեն մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը։ Ընդդիմադիր խմբակցությունները մեկնաբանել էին, թե ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ են համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:
Հատկանշական է փաստը, որ ժամանակին խորհրդարանական երկու խմբակցությունները համաձայնվեցին ստանձնել ԱԺ փոխնախագահի և ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների՝ իրենց հասանելիք պաշտոնները, և այն ժամանակ նրանք նման հարց չէին բարձրացնում։ Ընդ որում, ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանն ընտրվեց երրորդ անգամից։ Մինչդեռ, եթե այն ժամանակ ընդդիմությունը թեկնածու չառաջադրեր, ապա իշխանության համար իսկապես լուրջ գլխացավանք կստեղծեր. առանց ԱԺ փոխնախագահի ընտրության, հնարավոր չէր լինի սկսել նոր ձևավորված խորհրդարանի աշխատանքները։
Ավելին, խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ լավ իմանալով, որ միևնույն է՝ մերժվելու են։ Ինչո՞ւ այն ժամանակ նրանք չէին խոսում գործընթացը չլեգիտիմացնելու մասին, մինչդեռ հիմա՝ նախագահի ընտրության ժամանակ, հիշել են այդ թեման։
Radar Armenia-ն այս կապակցությամբ մեկնաբանությունների համար դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանին։
Մամիջանյանը նշեց, որ ԱԺ-ի՝ վերը նշված գործառույթները ենթադրում են որոշակի մասնագիտական աշխատանք` այդ ոլորտներում մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար։ Եվ դա է պատճառը, որ խմբակցության անդամները նշված պաշտոններն են զբաղեցնում. «Ինչ վերաբերում է նախագահի ընտրություններին, ապա այդ տրամաբանության մեջ ակնհայտ է, որ տեղի է ունենալու նույն գործընթացը, ինչ որ տեղի է ունեցել մարդու իրավունքների, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ։ Ուստի այդ կեղծ օրակարգի մասնակցելու տրամաբանությունը մենք չենք տեսնում»։
Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով հարցին, նշեց, որ քաղաքական մեծամասնությունը և Նիկոլ Փաշինյանը նախագահի թեկնածության ժամանակ հանդես եկան, ըստ էության, իրենց քաղաքական ուժին նախագահ ընտրելու դիրքերից՝ խեղաթյուրելով նաև սահմանադրական պարտավորման բուն էությունը. «Նախագահը պետք է վեր լինի որևէ քաղաքական խմբի շահերը ներկայացնելուց։ Պետք է առաջնորդվի համապետական, համազգային շահերով, մնացած բոլոր դեպքերում ձեր նշած պաշտոնները կոնկրետ քաղաքական ուժին վերապահված քվոտաներ են»։
Լուսինե Գրիգորյան