Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 805.550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը. Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով, կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ ստացել է 987 հազար 84 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը:
«Վերջին շաբաթվա ընթացքում նաև ակտիվացել է խթանիչ դեղաչափերի պատվաստումների ընթացքը: Հիշեցնեմ, որ խթանիչ դեղաչափով պատվաստում իրականացվում է երկրորդ դեղաչափից 6 ամիս հետո: Կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պայքարի դեմ նույնպես պատվաստումն է, որն իր դերն իրականացնում է` ծայրահեղ ծանր, մահացության դեպքերի ռիսկը նվազեցնելու առումով»,- նշել է Ավանեսյանը։
Խոսելով երկրում համաճարակային իրավիճակի մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե մոտենում է կորոնավիրուսի հերթական ալիք, ամենօրյա կտրվածքով նոր դեպքերի զգալի աճ է գրանցվում:
«Վերադառնում ենք տագնապային վիճակին: Արձանագրեմ, որ բոլոր այն քննադատությունները, որոնք վերաբերում են մեր սահմանափակումներին, որևէ հիմք չունեն: Անդրադառնամ այն դիտարկումներին, որ ասում են, թե բիզնեսն այդքան տուժել է ու նորից սահմանափակումներ եք մտցնում: Մենք առաջիններից ենք աշխարհում, որ հրաժարվել ենք լոքդաունի քաղաքականությունից: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ այնպես կառավարել, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունի: Ուզում եմ արձանագրել, որ այդ նոր սահամանափակումների իրագործմանը տեսչական մարմինները ամենայն խստությամբ հետևելու են, խոսքը հանրային վայրեր պատվաստմամբ կամ բացասական պատասխանով թեստով մուտք գործելու մասին է: Ընդ որում, ասեմ, որ պատասխանատվությունը կրում է տնտեսավարողը»,- ասել է նա։