Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահը նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի, որի հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված,- խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՀՀ Սահմանադրության 142-րդ հոդվածի և ԱԺ կանոնակարգ օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Իսկ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց Սիմոնյանը:
Նշենք, որ նախագահի լիազորությունների դադարեցումից հետո նրա պարտականությունները կկատարի ՀՀ ԱԺ նախագահը։ Սահմանադրության 126-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: