Բելգիայի ԱԳՆ-ում հունվարի 25-ին տեղի են ունեցել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը:
ՄԻՊ հաղորդագրության համաձայն. «Բելգիայի ԱԳՆ-ի Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը: Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը»։
ՄԻՊ-ն ընդգծում է, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:
Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային. «Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ իմ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն):
Քննարկել ենք մարդու իրավունքների այլ հարցեր ևս` խոսքի ազատություն և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն և այլն»։