Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է «Ժողովրդավարության Ինդեքս 2021» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը թեև գրանցել է առաջընթաց, բայց շարունակում է դասվել «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարքին։
Ըստ զեկույցի` Հայաստանը 165 երկրների և 2 տարածքների ցանկում զբաղեցնում է 89-րդ տեղը, ինչպես և 2020-ին։ Հայաստանը ստացել է 5,49 միավոր՝ նախորդ տարվա 5,35-ի փոխարեն։ Հայաստանն իր համաթիվը բարելավել է 0,14 կետով և երկրների ցանկում երկու տեղով առաջ է հարևան Վրաստանից։
Հայաստանի չորս հարևաններից երկուսը՝ Ադրբեջանն ու Իրանը, դասակարգվել են ավտորիտար երկրների շարքին։ Մյուս երկուսը՝ Թուրքիան և Վրաստանը, Հայաստանի հետ նույն «հիբրիդային ռեժիմների» թվում են։ Վրաստանը ցանկում 91-րդ տեղն է, Թուրքիան՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 141-րդ, իսկ Իրանը՝ 154-րդն է։