ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախագահի հնարավոր թեկնածուի առաջադրման հարցով դեռևս քննարկումների փուլում է, ավելի շատ հակված են թեկնածու առաջադրելուն:
«Մենք ներկայումս քննարկման փուլում ենք, անպայման մեր որոշման մասին կտեղեկացնենք: Կոնկրետ չափանիշներով մեր առաջադրումը կհիմնավորենք, կներկայացնենք»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
Նրա խոսքով, Սահմանադրությամբ նախագահի կարգավիճակից բխող լիազորությունները պետք է նկատի առնեն: «Նա պետք է ապահովի համահայկականությունը, համազգային ներուժի համախմբումը, մենք առաջնորդվում ենք այս մոտեցմամբ: Եվ ամենակարևոր հատկանիշներից մեկն այն է, որ թեկնածուն չպետք է լինի կուսակցական: Ինչ վերաբերում է կոնկրետ հիմնավորումներով թեկնածուին, առաջիկայում կներկայացնենք: Բայց, որ ներկայացնելու ենք՝ միանշանակ է»,-ասել է Մինասյանը: