Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ պնդելով, որ ՀՀ դիրքորոշման մեջ այս հարցում ոչինչ չի փոխվել։

Նրա խոսքով. «Ինչպես նախորդ 25-30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր, Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների: Այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ»:

Նա հիշեցրել է, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում. «Առաջին հանդիպումը, իհարկե, շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող»։ Ըստ Միրզոյանի, այս հարցը միայն մեկ կողմի դիրքորոշումից չի կախված:

ԱԳ նախարարը նշել է, որ ինքն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. «ՀՀ ԱԳ նախարարությունն այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է։ Կարևոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ քննարկել, սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին ՀՀ-ն կարող է և որոշել մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երագներ հաղորդելուց բացի այլ բան չունի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական