Ղրղզստանի իշխանությունները Տաջիկստանի հետ սահմանային հակամարտության գոտում գտնվող գյուղերից տարհանել են ավելի քան 24 հազար մարդու։ Այս մասին հայտնել են Ղրղզստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Հինգշաբթի օրը տաջիկ-ղրղզական սահմանի հատվածում հակամարտություն է սկսվել երկու երկրների ներկայացուցիչների միջև։ Ղրղզական կողմը տաջիկական կողմին մեղադրել է զենք, այդ թվում՝ ականանետեր և նռնականետեր կիրառելու մեջ, ինչպես նաև հայտնել է, որ հարևան հանրապետությունից դեպի սահման է քաշվում ծանր տեխնիկա։ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է ղրղզական կողմից կրակոցների, ականանետների և անօդաչու թռչող սարքերի կիրառման, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Ուրբաթ գիշեր կողմերի ներկայացուցիչներին հաջողվել է պայմանավորվել հրադադարի շուրջ։ Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է հանրապետության 11 քաղաքացի, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։