Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրամանագրով Նուրլան Աբդիրովին նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ 61-ամյա Աբդիրովը Ղազախստանի Սենատի նախագահի տեղակալն է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից։ 2016 թվականից նա Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) անդամ է իշխող Նուր Օթան (Հայրենիքի լույս) կուսակցությունից։
Ղազախստանի նախագահի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին ղեկավար Բերիկ Իմաշևն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ Իմաշևը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ազգականն է։ Իմաշևի դուստրը՝ Աիդան, ամուսնացած է Նազարբաևի թոռան՝ Նուրալի Ալիևի հետ։