ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այս պահին օրակարգում չկա՝ Westdeutsche Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Ըստ Բերբոքի՝ քանի որ Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին չի քննարկվում, մոտ ապագայում չի սպասվում նաև ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի արևելք։ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ քննարկման համար այսօր ամենակարևոր թեման Դոնբասում տիրող իրավիճակն է, և ոչ թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Ավելի վաղ Բերբոքը կոչ էր արել չշփոթել ՆԱՏՕ-ի տարածքն Ուկրաինայի հետ՝ ռուսական հնարավոր ագրեսիային և ռազմական հետագա էսկալացիային պատասխան միջոցներ ընտրելիս։ Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը համերաշխ է Կիևի հետ, սակայն Ուկրաինան կազմակերպության մաս չէ։