Փետրվարի 2-ին Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը:
Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ նշել, որ ինձ համար հաճելի և պատվաբեր է ներկա գտնվել այս միջոցառմանը։ Անշուշտ, մենք այսօր ենք բացում այս գրասենյակը, բայց առաջին օրը չէ, նոր չէ, որ Ավստրիական զարգացման գործակալությունն իր գործունեությունն է իրականացնում Հայաստանում։
Այսօր մենք մի նոր էջ ենք բացում այս հարաբերություններում, այս համագործակցության մեջ: Կարծում եմ, որ և՛ հայկական կողմը, և՛, ուրախությամբ պիտի նշեմ՝ ավստրիական կողմը, պատրաստակամություն են հայտնում՝ այսուհետ որակապես նոր տեսակի և նոր ծավալի ծրագրեր և հարաբերություններ կառուցելու:
Ուրախությամբ պիտի նշեմ, որ Հայաստանը՝ որպես Արևելյան գործընկերության երկիր, ընդգրկված է նաև Ավստրիական զարգացման համագործակցության 2021-2027 թթ. ծրագրում»: