Միջազգային

ԵՄ-Ադրբեջան գազային նոր համաձայնագիր

ԵՄ-Ադրբեջան գազային նոր համաձայնագիր

Եվրամիությունը 2 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթ է հատկացրել Ադրբեջանին: Այդ մասին փետրվարի 4-ին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին՝ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ: Օլիվեր Վարհելին հայտնել է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող վերականգնման և վերակառուցման գործընթացին մասնակցելու՝ գումար հատկացնելով տնտեսական ներդրումային ծրագրերին։ Քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության և տնտեսական հարցեր՝ ընդգծելով նոր համաձայնագրի կարևորությունը՝ որպես Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների իրավական հիմք։

Ուկրաինայի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության աճին զուգահեռ՝ Եվրահանձնաժողովը որոշել է համագործակցել Բալթյան երկրների հետ՝ նախապատրաստվելով ռուսական բնական գազի մատակարարումների հնարավոր կրճատմանը: ԵՄ որոշ երկրներ պնդում են, որ Ռուսաստանից գազի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, և Ռուսաստանը նպատակ ունի ճնշելու արևմտյան երկրներին, ինչի պատճառով պետք է էներգակիրների այլընտրանքային տարբերակներ փնտրել։ Ավելի վաղ ԵՄ երկրներից Լատվիան հայտարարել էր, որ ​​ռուսական գազի մատակարարման ընդհատման դեպքում մերձբալթյան երկրները կարող են օգտվել Լիտվայի հեղուկ գազի և լատվիական գազի պահուստներից։

Այս ամենի համատեքստում Հարավային գազային միջանցքի 8-րդ նախարարական հանդիպման ընթացքում ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով դեպի ԵՄ գազի մատակարարումների ավելացման հարցը: ԵՄ էներգետիկ շուկայում դեֆիցիտի և գների աճի ֆոնին Սիմսոնը հայտարարել է, որ իրենք ցանկանում են Ադրբեջանից Եվրոպա արտահանվող գազի ծավալը հասցնել 10 միլիարդ խմ։ Նա շեշտել է, որ ԵՄ-ն Ադրբեջանին համարում է էներգամատակարարման հուսալի գործընկեր։ Ալիևը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ անցյալ տարի Ադրբեջանը 19 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանել՝ շեշտելով, որ Ադրբեջանի գազի ապացուցված պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խորանարդ մետր։

Սիմսոնն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերահաստատելով Ադրբեջանի և ԵՄ միջև ռազմավարական էներգետիկ գործընկերությունը՝ ընդգծելով գազի գների համաշխարհային աճի ֆոնին էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական