Քաղաքական

Ցանկանում է Սահմանադրության մեջ տեղի ունենա իշխանության թևերի բալանսավորում

Ցանկանում է Սահմանադրության մեջ տեղի ունենա իշխանության թևերի բալանսավորում

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որ ղեկավարում է սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, հայտարարել է, թե կառավարության համար կարևոր է՝ գործընթացները լինեն ծայրահեղ թափանցիկ։

Անդերասյանի խոսքով. «Կարևոր է, որ սա չլինի մի գործընթաց, որտեղ փակ դռների հետևում գիտնականներ կամ քաղաքական շահեր, հետաքրքրություններ ունեցող մարդիկ կհավաքվեն և կունենան ուղղակի փաստաթուղթ, որը հետո մի կերպ համոզելով կներկայացվի ժողովրդին: Կարծում եմ՝ գործընթացը պետք է պահենք հնարավորինս մասնակցային»:

Անդրեասյանը նաև նշեց, թե չկա որևէ գաղտնի օրակարգ, որը դրված է իր կամ այդ խորհրդի, կամ խորհրդի որևէ անդամի առաջ. «Թե իբր սա արվում է, որ այսպես կամ այնպես ձևվվի Սահմանադրությունը. նման օրակարգեր չկան»:

Նախարարը ներկայացրեց, թե ինչ է սպասում սահմանադրական բարեփոխումներից. «Ես ուզում եմ, որ քննարկենք այդքան չարչրկված և սպասված վեթինգի հնարավորությունները սահմանադրական բարեփոխումների համատեքստում, ես ցանկանում եմ իշխանության թևերի բալանսավորում տեղի ունենա մեր Սահմանադրության մեջ, եթե այն փոփոխվի: Ես անձամբ գտնում եմ, որ պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք»։

Ըստ Անդրեասյանի՝ այսօր Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր,  որոնք նախկին քննարկումների ժամանակ թողնվել են. «Այն պատճառով, որ շատ հարցեր երկրում ժամանակին լուծվել են ոչ թե Սահմանադրությամբ, այլ ներքին քաղաքական ինչ-որ որոշումներով: Եվ դրա համար Սահմանադրության հեղինակները կարիք չեն համարել մինչև վերջ բոլոր ճգնաժամային իրավիճակները պատկերացնելու և այդ կարգավորումները տալու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական