«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Հաջիևի խոսքով՝ տարածաշրջանը բրենդինգի նոր ռազմավարության կարիք ունի, և Բաքուն պատրաստ է դերակատարում ունենալ Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի կառուցման գործում․ - «Ադրբեջանը գործընկերների և հարևան երկրների հետ աշխատում է Հարավային Կովկասը հակամարտություններից և պատերազմներից զերծ տարածաշրջանի վերածելու ուղղությամբ և ձգտում է ապահովել, որ Հարավային Կովկասը կողմնորոշվի դեպի ինտեգրում, տարածաշրջանային համագործակցություն՝ հիմնված փոխշահավետ հարաբերությունների վրա»։
Թե ինչ քայլեր է Բաքուն ձեռնարկում այդ ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի մանրամասնել, փոխարենը նշել է , որ տարածաշրջանում բացվող նոր տրանսպորտային միջանցքները, «մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքը, կարող են Հայաստանը դուրս բերել շրջափակումից և դարձնել զարգացած ցամաքային կապեր ունեցող երկիր»։ Ընդ որում, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «Զանգեզուրի միջանցքը չի բացառում այլ պոտենցիալ երթուղիները, որոնք Բաքուն ստեղծել է տարածաշրջանում հարևան Թբիլիսիի հետ»։ «Հայաստանը կարող է շահել վրաց-ադրբեջանական փոխշահավետ համագործակցությունից, որն օրինակելի է և հիմնված է փոխադարձ հարգանքի վրա», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։ Ադրբեջանի հետ միասին Թուրքիան ևս ջանքեր է գործադրում Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն է նախօրեին հայտարարել ադրբեջանցի պաշտոնակցի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։