ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և նրա հետ քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը և Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցները։ Նախագահներ Բայդենն ու Մակրոնը պայմանավորվել են, որ իրենց թիմերը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ներառյալ խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների և ԵՄ գործընկերների հետ՝ այս խնդիրների լուծման համար համակարգված և համապարփակ մոտեցման շուրջ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։