Քաղաքական

«Գագիկ Խաչատրյանի գործով ԱՄՆ-ի գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու ՀՀ-ին». Ս. Գալյան

«Գագիկ Խաչատրյանի գործով ԱՄՆ-ի գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու ՀՀ-ին». Ս. Գալյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, պատասխանելով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե Գագիկ Խաչատրյանի գործով արդյոք Հայաստանի Հանրապետության դատախազությո՞ւնն է դիմել  ԱՄՆ-ի պատկան մարմիններին և եթե ապացուցվի, որ ապօրինի գույքի ձեռք բերման աղբյուր է հանդիսացել, այդ գումարը ի՞նչ մեխանիզմներով է վերադարձվելու Հայաստան, ասել է.

«Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով քննարկումները ԱՄՆ-ի գործընկերների հետ սկսվել են ավելի վաղ, քան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմավորումն էր։ 2019 թվականներից դեռևս քրեական գործի շրջանակում համապատասխան հարցումներ են ուղարկվել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ նաև ԱՄՆ։ Եվ ԱՄՆ-ի գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանի Հանրապետությանը այս հարցում»։ 

Ինչ վերաբերվում է գույքի վերադարձմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարծում է, որ դեռ այդ մասին վաղ է խոսել, որովհետև ԱՄՆ-ում ևս որոշակի գործընթացներ պետք է իրականացվեն։

 «Իսկ վերադարձի հետ կապված քննարկումներ այսօր տեղի են ունենում և կշարունակվեն, տեխնիկական հարցեր են։  Կարծում եմ՝ լուծում կստանան ապագայում։  Ուզում եմ հավաստել, որ դատախազությունը, իհարկե, ունի ներգրավվածություն այդ գործում։ Եվ ԱՄՆ-ի կողմից վարույթի նախաձեռնման հիմքում ընկած է հենց դատախազության գործողությունների ամբողջությունը»,- եզրափակել է Գալյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական