Քաղաքական

«Ընդդիմության ուզածն ամեն ինչ ավերակների վերածելն ու դրանց վրա թագավորելն է». Մեհրաբյան

«Ընդդիմության ուզածն ամեն ինչ ավերակների վերածելն ու դրանց վրա թագավորելն է». Մեհրաբյան

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է, որ «ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայերին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018-ին և վերահաստատեց 2021թ. ընտրությունների ժամանակ»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ դեսպանի հայտարարությունը ուղիղ տեքստով վկայում է այն մասին, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հարաբերությունները կառուցում են ընդհանուր արժեքների հիման վրա՝ ընդգծելով, որ թվականներով նշվում է, թե որ իրադարձություններն են ձևավորել այդ ընդհանուր արժեքային իմիջը. «Առաջինը 2018-ի թավշյա հեղափոխությունն է, երկրորդը՝ 2021թ. ընտրությունները, որոնք միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների կողմից ճանաչվեցին ազատ ու արդար, և արտահայտեց ժողովրդի ընդհանուր կամքը»։ 

Ըստ Մեհրաբյանի՝ սրանք այն ընդհանուր մեկնակետերն են, որոնց հիման վրա կառուցվում են այդ հարաբերությունները, և ԱՄՆ դեսպանի հարցազրույցը հենց դրա մասին էր։

Մինչդեռ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներից՝ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «խորը ափսոսանք» է հայտնել դեսպանի հայտարարության առնչությամբ, և 2021 թվականի ընտրությունները գնահատելով «խայտառակ»՝ նշել է. «Վերջ տվեք երկակի ստանդարտներին։ Դուք լռել եք, երբ իշխանությունը շրջափակում էր դատարանները։ Դուք լռում եք տասնյակ քաղբանտարկյալների դեպքում։ Դուք այսօր լռում եք, երբ ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ կիրառում է բռնի և անհամաչափ ուժ։ Դուք ձեր լռությամբ նպաստում եք, որ Հայաստանում լինի բռնապետություն»։

Այս կապակցությամբ Մեհրաբյանը հակադարձեց. «Երբ Հայաստանում կրիմինալ օլիգարխիկ պետություն էր, որում կազմավորված քրեական խմբավորումը զավթել էր պետությունը և վերածել հանցագործությունների գործիքի՝ Իշխան Սաղաթելյանի կուսակցությունն այդ ամեն ինչում «փայ» էր, և ոչ իրենք, ոչ իրենց կառույցները, այդ թվում՝ ամերիկյան կառույցը, որը հիմա հոխորտում է դեսպանին հետ կանչել, մի դատապարտող կամ, նույնիսկ, մտահոգություն արտահայտող հայտարարություն չարեցին»։

Ըստ Մեհրաբյանի՝ «պսեվդո օրակարգը, որով հանդես են գալիս այսօր այդ փողոցային ուժերը, բացի պրոբլեմ ստեղծելուց, այլ հարց չեն լուծում»։

Ռուբեն Մեհրաբյանը, խոսելով այդ խնդիրներից, ասաց. «Պրոբլեմներ են ստեղծում և՛ Հայաստանի, և՛ տարածաշրջանի անվտանգության, և՛ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Ռուսական օրակարգն առաջ տանելով՝ վտանգ են ստեղծում, որ Հայաստանը կմեկուսանա միջազգային հանրությունից»։

Քաղաքագետի խոսքով՝ իրենց ուզածը դա է. «ամեն ինչ վերածել ավերակների և հետո դրանց վրա թագավորել»։ 

Ոսկեհատ Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական