Քաղաքական

«Արևմտյան որոշ դեսպանատներ հետևողականորեն խուլ, կույր և համր են». Աշոտյան

«Արևմտյան որոշ դեսպանատներ հետևողականորեն խուլ, կույր և համր են». Աշոտյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, թե ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ՀՀ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին և լինել Հայաստանի գործընկերն՝ այդ նպատակներին հասնելու ճանապարհին. «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն է ընդդիմության հանրահավաքին ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հնչեցրած գնահատականին. «Իմ կողմից կարող եմ հավելել, որ իրականում 2018-ին ժողովուրդը գնաց ավելի լավ կյանք ունենալու պատրանքի, սուտ խոստումների, և ոչ թե Արցախը հանձնելու, պատերազմ ստանալու ետևից։ 2021-ի ընտրություններին տված գնահատականները փաստում են, որ դեսպանատունը հետևողականորեն անտեսում է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ բազմաթիվ ահազանգերը, այդ թվում՝ ամերիկյան իրավապաշտպան կառույցներից (ինչպիսին Freedom House-ի զեկույցն էր 2021-ի վերաբերյալ), և նման գնահատականները բացառապես իրենց սեփական գեոպոլիտիկ շահերը տարածաշրջանում առաջ մղելու քաղաքականության հետ են կապված, քանզի Նիկոլ Փաշինյանի դավաճանական կառավարությունը հետևողականորեն աշխարհաքաղաքական աճուրդի է հանում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն Արցախում»։

Աշոտյանի խոսքով՝ բնական է, որ այս տեսակետից բազմաթիվ գերտերություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, ձեռնտու է Հարավային Կովկասում այս կոնֆլիկտի այնպիսի հանգուցալուծում, որտեղ իր շահերը մաքսիմալ ներառված կլինեն, իսկ դա կատարվում է հայ ժողովրդի ազգային շահերի հաշվին. «ԱՄՆ դեսպանատան գնահատականներն առավել ցինիկ են հնչում այն իրավիճակում, երբ ի հայտ են գալիս այնպիսի օրերին, երբ ոստիկանական վայրագությունները ոչ մի բանով չեն զիջում թուրք հրոսակախմբերի վայրագություններին՝ 1915-22թթ․ ժամանակահատվածում։ Նման ատելություն սեփական ժողովրդի նկատմամբ, որ դրսևորվում է ոստիկանական հատուկ ստորաբաժանումների բազմաթիվ աշխատակիցների կողմից (խոսքի ազատության, ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ, հանրահավաքների սահմանափակումներ, բազմաթիվ ահազանգեր), հարիր չեն անգամ միջին ժողովրդավարական երկրներին, ուր մնաց՝ այն երկրին, որին Արևմտյան կառույցները հետևողականորեն փորձում են ուռճացնել՝ որպես ժողովրդավարության փուչիկ։ Ինչպես ամեն մի փուչիկ, այս մեկը ևս պայթելու է»։

ՀՀԿ փոխնախագահը նշեց՝ ցավում է, որ երկար տարիներ ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին բարձրաձայնող որոշ Արևմտյան  դեսպանատներ հետևողականորեն խուլ են, կույր և համր այն բոլոր խնդիրների առջև, որոնք առաջացել են Հայաստանում՝ վերջին 1-2 տարվա ընթացքում՝ կապված ժողովրդավարության նահանջի հետ. «Այս գնահատականները բացառապես սեփական շահի գնահատականներ են, որոնք փաթեթավորվում են Նիկոլ Փաշինյանին ուղղված գովասանքի մեջ։ Նիկոլն սպասարկում է արտաքին շահը։ Տիկին դեսպանին շնորհակալ եմ, որ նա դա ապացուցեց իր խիստ կողմնակալ և վիճելի գնահատականներով»։

Աշոտյանը նաև ընդգծեց, որ այն շարժումը, որը բռնկվել է Հայաստանի կենտրոնում, չունի աշխարհաքաղաքական վեճ՝ ի տարբերություն 2018-ի «թավշյա իշխանազավթման». «Այս շարժումը, որ հարուցել է ընդդիմությունը և այն դարձրել համաժողովրդական, հայկական շարժում է, որը ձեռնտու է բացառապես հայ ժողովրդին, առաջ է տանում հայկական ազգային օրակարգ, կախված չէ արտաքին գնահատականներից։ Այստեղ ավելի մեծ անելիք կա հայ հասարակության հետ, որպեսզի ավելի հստակ ցույց տալ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ձեռնտու արտաքին ուժերի համար, և ինչպես է հայ ժողովուրդը վճարում արտաքին ուժերի շահերի համար։ Ճիշտ դիրքավորման դեպքում տիկին դեսպանի հայտարարությունը շատ օգտակար կարող է լինել ժողովրդի մի ստվար զանգվածի աչքերը բացելու համար, որովհետև, երբ դրսից սուտ են խոսում մարդիկ, որոնք, ենթադրվում էր, պետք է լինեին անաչառ դատավորներ, ապա, բախվելով մեր իրականության հետ, առաջանում է տված գնահատականի և իրականության խզում։ Դա ապացուցում է, որ տված գնահատականները, բուհական բառապաշարով, «խոսացած քննություն են»»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական