Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր անդրադարձավ տեղեկություններին, ըստ որոնց, Հայաստանը կենսաանվտանգության հետ կապված խնդիրներ ունի:
Նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է կենսաանվտանգության ոլորտը և այդ խումբը համակարգում է ԱԽ քարտուղարը:
«Աշխատանքային խումբն ինտենսիվ աշխատում է բոլոր միջազգային գործընկերների հետ, աշխատանքային խմբի համակարգմամբ, ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան ու այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ, այս համատեքստում, ցանկանում եմ արձանագրել, որ Հայատսանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն ու միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը», - հայտարարեց ԱԽ քարտուղարը:
Բացի այդ, Արմեն Գրիգորյանի խոսքով, կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են Հայաստանի ու Ռուսաստանի ԱԽ գրասենյակների համագործակցության օրակարգում. ռուս գործընկերնեի կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշատպես ստացել են սպառիչ պատասխաններ:
«Վերջերս նաև Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերն ու հայկական կողմը տվել է բոլոր հարցերին սպառիչ պատասխան», - ասաց նաՙ ընդգծելով, որ աշխատանքային խումբը քննարկել է նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև կենսաանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին հարցեր:
«Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունի կենսաանվտանգությանը վերաբերող հուշագիր ու մեր համագործակցությունը կարգավորվում է նաև այս հուշագրով», - ասաց ԱԽ քարտուղարը:
Նա ասաց, թե Հայաստանը շարունակում է կենսաանվտանգույան հարցերով համագործակցել բոլոր գործընկերնեի հետ, որպեսզի շարունակական բարելավի երկրի կարողությունները՝ տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու հարցում: