Քաղաքական

Հայաստան-Իրան-Թուրքմենստանի միջև նոր պայմանավորվածությունների հիմք է ստեղծվել

Հայաստան-Իրան-Թուրքմենստանի միջև նոր պայմանավորվածությունների հիմք է ստեղծվել

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջինը հայտարարել է, թե Թեհրանը պատրաստ է «սվոփ» տարբերակով թուրքմենական գազ տեղափոխել Հայաստան:

Radar Armenia-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը հիշեցրեց, որ այս հարցը քննարկվում է առնվազն 2017թվականից, ՀՀ՝ դեռ այն ժամանակվա իշխանությունները բարձրաձայնել են հարցը, քննարկել են իրանցի և թուրքմեն գործընկերների հետ։ Եվ դեռևս 2017թ. բանակցություններ էին ընթանում, որը մինչև հիմա էական արդյունք չէր տվել. «Այս տարիների ընթացքում այդ հարցը բարձրաձայնվել է լրագրողների կողմից, որից հետո Հայաստանի Տարածքային կառավարման նախարարությունից հնչեց պատասխան, որ բանակցություններն առարկայական արդյունք չեն տվել»։

Անդրադառնալով Իրանի հայտարարությանը, որ պատրաստ է թուրքմենական գազ տեղափոխել, Վարդանյանն ասաց. «Հնարավոր է՝ սա նշանակում է, որ բանակցությունների նոր փուլ են թևակոխել, որով ավելի հետամուտ կլինեն այդ խնդրին։ Հաշվի առնելով, որ արդեն հինգ տարի է՝ հարցը քննարկվում է, ու մինչև հիմա արդյունք չկա, պարզ չի՝ այս անգամ ինչ արդյունք կունենա»։

Վարդանյանի խոսքով՝ կարելի է դրական դիտարկել այն հանգամանքը, որ 2021թ. նոյեմբերին Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը ունեցան նման համաձայնություն, և արդեն 2022թ. հունվարից Թուրքմենստանի գազը իրենց տարածքով փոխանցում են Ադրբեջանին. «Այսինքն, եթե այս երեք երկրների միջև եղավ պայմանավորվածություն, սա որոշակի հիմքեր է ստեղծում, որ կարող է նմանատիպ պայմանավորվածություն լինել նաև այլ երկրների, այդ թվում՝ Հայաստան-Իրան-Թուրքմենստանի միջև» ։

Վարդանյանը նաև հիշեցրեց՝ նախկինում՝ առնվազն 2016թ., Իրանի և Թուրքմենստանի հարաբերություններում որոշակի լարվածություն կար։ Իրանը Թուրքմենստանից գազ էր ներկրում ու պարտքեր էր կուտակել, ինչի պատճառով դադարեցվել էր գազամատակարումը. «Դրա ֆոնին երկու երկրների հարաբերությունները լարվել էին, ու նաև համագործակցության այլ նախագծեր չէին ստացվում, այդ թվում՝ հենց Հայաստանի հետ եռակողմ համագործակցությունը։ Հիմա, երբ արդեն իրենք կարողացան հաղթահարել այդ շրջափուլը և ունեցան պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, հավանական է, որ նույն պայմանավորվածությունն արդեն հնարավոր կլինի ունենալ նաև Հայաստանի հետ, եթե այլ խանգարող հանգամանքներ չլինեն»,- նշեց իրանագետը։

Ոսկեհատ Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական