Կառավարության որոշմամբ՝ 2022թ. բյուջեից Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվեց 790 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց, որ նախագիծը վերաբերում է նշված մարզերի 25 համայնքների։
Նշված գումարից Արագածոտնին կհատկացվի 33 մլն, Արմավիրին՝ 52 մլն, Գեղարքունիքին՝ 84 մլն, Լոռուն՝ 147 մլն, Կոտայքին՝ 98 մլն, Շիրակին՝ 39 մլն, Սյունիքին՝ 268 մլն, Վայոց ձորին՝ 42 մլն, Տավուշին՝ 26 մլն դրամ։ Նախարարի ներկայացմամբ՝ բոլոր ծրագրերն ավարտված են, ու, այսօրվա դրությամբ, Կառավարությունը կատարել է սուբվենցիոն ծրագրերի համար 5,6 մլրդ դրամի մասնաբաժնի հատկացում։