Քաղաքական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած՝ Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ լրատվամիջոցների խնդիրներով մտահոգ չեխ գործընկերներն են այսօր Հայաստանում՝ նշելով, որ մեր երկրի իշխանության տարբեր թևերի ղեկավարներից շատերը մեդիաոլորտից են: Նա հիշեցրել է նաև իր նախկին մեդիագործունեությունը՝ շեշտելով, որ խոսքի և մամուլի ազատությունը մեր երկրի առաջնահերթություններից են:

Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների միջև վերջին տարիներին բավականին ակտիվ համագործակցության համար: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովային հրավիրել է Հայաստան:

Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի Ազգային ժողովում և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդում նախագահությունը` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում: Նա  կարևոր է համարել չեխական կողմի նախագահության շրջանակում Արևելյան գործընկերության ծրագրի ակտիվացումը, քանի որ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության հետևանքով նկատվում է դրա ապաինտեգրում: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ոչ միայն Եվրոպական միության, այլև անդամ երկրների, մասնավորապես,  Չեխիայի հետ համագործակցության խորացման համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմին և դրա հետևանքով առաջացած խնդիրներին: Հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակման արդյունքում ՀՀ ԱԺ նախագահը դրանց շուտափույթ լուծման համար խնդրել է չեխ գործընկերների աջակցությունը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական