Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մայիսի 17-ին այցելել է Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնի քոլեջ։ Մինչ Սուրբ Էնթոնի քոլեջի Ռուսական և Եվրասիական հետազոտությունների կենտրոնում դասախոսություն կարդալը, դեսպանը հանդիպել է տեղի հայ համայնքի, ակադեմիկոսների և Օքսֆորդի ինստիտուտի հայկական ընկերակցության անդամների հետ։
Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության արդի առաջնահերթությունները և նրա առջև ծառացած տարածաշրջանային անվտանգության ներկայիս մարտահրավերները։
Դեսպանը կարևոր շեշտադրում է կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների և Արցախի քաղաքացիների նկատմամբ պարբերաբար իրականացվող սադրանքների վրա:
Նա նշել է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում, ինչպես նաև շեշտել Արցախի ժողովրդի անվտանգության և կարգավիճակի ապահովման անհրաժեշտությունը։
Դեսպան Ներսեսյանն ընդգծել է հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու խնդիրը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացումից կամ պղծումից ապահովելու կարևորությունը։
Դեսպանն անդրադարձել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացին՝ լայն տարածաշրջանային համատեքստում։
Դեսպան Ներսեսյանը կարևորել է Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը և կոռուպցիայի դեմ շարունակվող պայքարը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սբ. Էնթոնի քոլեջին նրան հյուրընկալելու համար, որին հետևել է ուսանողների կողմից հարցուպատասխանը:
Վերջում դեսպանը մասնակցել է Օքսֆորդի համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից կազմակերպված ամենամյա դասախոսությանը