Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ընթանում են «3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները։ Նրա խոսքով՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը պահանջված և հեռանկարային մեխանիզմ է: Այս մասին Radar Armenia-ն զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
- Պրն Սաֆրաստյան, աշխարհաքաղաքական այս իրավիճակում «3+3» ձևաչափի արդիականությունն ու գործունեության հնարավորություններն ինչպիսի՞ն են։
- Ես առանձնապես մեծ սպասումներ չունեմ «3+3» ձևաչափից, քանի որ այն ներկա աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում չի կարող որևիցե լուրջ ձեռքբերում արձանագրել։ Հանդիպումներ՝ ձևական առումով, կարող են անհրաժեշտ լինել, դա վատ չի, բայց պրակտիկ արդյունքներ չեմ սպասում։
- Հայաստանյան դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լինի։
- ՀՀ-ն հրաժարվել չի կարող։ Եթե հրաժարվի, դա մեզ ոչ մի օգուտ չի բերի, ճնշումներ կլինեն ՀՀ-ի վրա։ Բայց քանի որ գործնական արդյունքներ չեն կարող լինել, ակտիվություն ցուցաբերելու իմաստ էլ չկա։ Պետք է տեսնել՝ ինչպես են զարգանում իրադարձությունները և մասնակցությամբ ձեռքը պահել զարկերակի վրա, տեսնել, թե ձևաչափն իրենից ինչ է ներկայացնում։
- Պնդումներ կան, թե այս ընթացքում Արևմուտքը փորձում է նվազեցնել ՌԴ դերակատարումն ու, փոխարենը, ակտիվացնել իրենը։
- Արևմտյան նկրտումները չպետք է տարանջատել Թուրքիայի ձգտումներից, որովհետև վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է։ Տեսանելի է մեր տարածաշրջանում իր ազդեցությունը ուժեղացնելու՝ Արևմուտքի ձգտումը։ Մասնավորապես, ամերիկյան քաղաքականությունն ակտիվացել է Հարավային Կովկասում։ Այս առումով՝ Արևմուտքն օգտագործում է Թուրքիային՝ որպես իր բաղկացուցիչ մաս։ Ձևաչափում Թուրքիայի մասնակցության միջոցով նաև որոշ չափով ակտիվ է Արևմուտքը։
- Ի վերջո, կա՞ «3+3» ձևաչափ, թե՞, ամեն դեպքում, «3+2» է՝ հաշվի առնելով, Վրաստանը մինչ այս պահը չի հաստատել իր մասնակցությունը։
- Ձևական առումով «3+3» է, բայց իրականում՝ «3+2» է։ Նշանակում է՝ այս ձևաչափն ի սկզբանե չի կարող գործող լինել, որովհետև երեք հարավկովկասյան երկրներից երկուսն են մասնակցում, մեկը հրաժարվում է։ Սա այս փուլում ձևական բնույթ է կրում, թղթի վրա է։ Այս ձևաչափի առաջ գալն ու ՌԴ-ի՝ դրան մասնակցությունը նշանակում է, որ ՌԴ-ն էլ է տեսնում, որ իր ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է, որ ինքը միայնակ այստեղ որոշիչ դեր չի խաղում։ Դրա համար է համաձայնում այս ձևաչափին, որն իրենից ներկայացնում է ժամանակակից աշխարհաքաղաքական պատկերի արտացոլում մեր տարածաշրջանում, քանի որ ոչ միայն ՌԴ-ն է այստեղ կարևոր դեր խաղում, այլև՝ Թուրքիան։ Ակնհայտ է, որ այս ձևաչափով ավելի հետաքրքրված է Թուրքիան, քանի որ դրանով հնարավորություն է ստանում իր ազդեցությունը տարածաշրջանում ավելի ուժեղացնել։ Եթե ձևաչափն սկսի գործել, Թուրքիան որոշակի լեգիտիմություն կստանա և կփորձի կատարել Արևմուտքի ներկայացուցչի դերը։ Իրանի համար էլ սա հնարավորություն է՝ դիվանագիտական և աշխարհաքաղաքական ակտիվություն ցուցաբերել տարածաշրջանում՝ գործելով ոչ թե միայնակ, այլ ընդհանուր ձևաչափի շրջանակներում, քանի որ խնդիր ունի՝ հաղթահարել դիվանագիտական մեկուսացումը։
Մարիամ Սարգսյան