Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, թե իբր հայկական զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։ ՀՀ ՊՆ-ն էլ պարբերաբար հերքում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։ Սա, ըստ էության, հաճախակի բնույթ է սկսել ստանալ։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ Ադրբեջանի այս մարտավարությունը նորություն չէ. «Ամբողջ 30, ավելի ճիշտ՝ 28 տարիների բանակցային գործընթացի ընթացքում թե՛ սադրանքներ են եղել Ադրբեջանի կողմից, թե՛ ապատեղեկատվություն՝ Հայաստանի կողմից ռմբակոծությունների վերաբերյալ։ Այդ ամենը շարունակվելու է, պետք չէ զարմանալ»։
Ըստ Ղևոնդյանի՝ տարիներ շարունակ՝ բանակցությունների ընթացքում, բոլոր փուլերից առաջ Ադրբեջանը սադրանքներ է նախաձեռնել, և այդ մարտավարությունը չի փոխվել նաև պատերազմից հետո. «Հիմա էլ բանակցային գործընթաց է գնում, լինելու են հանդիպումներ, հիմա ևս պետք է սպասել այդ սադրանքներին և պատրաստ լինել կանխարգելել դրանք։ Ադրբեջանի հայտարարություններն էլ, գուցե, հենց այդ սադրանքների համար արդարացում նախապատրաստելն է, որպեսզի հետագայում, օրինակ, իրենք կրակեն կամ այլ գործողությունների դիմեն՝ ներկայացնելով որպես հայկական կողմի գործողությունների պատասխան»։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումներին և բանակցային գործընթացին անդրադառնալով՝ Ղևոնդյանն ասաց, որ այդ մարտավարությունն ԱԳ նախարարների հանդիպման վրա որոշակի ազդեցություն ունենում է. «Այդ հանդիպումների հետ կապված՝ Ադրբեջանը նորից փորձում է ճնշման միջոցներ օգտագործել, որովհետև տեսնում է, որ դրանք արդյունք են տալիս, իր գործողությունները որոշակիորեն ազդում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, ինչն էլ, ի վերջո, թուլացնում է Հայաստանի դիրքերն արտաքին ճակատում, և նրանք օգտվում են»։
Ոսկեհատ Պողոսյան