«Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն, ով հայտնի է հարավկովկասյան հակամարտությունների ու քաղաքականության թեմայով իր վերլուծություններով, նշել է՝ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձևաչափ: Ըստ վերլուծաբանի՝ Մինսկի խմբի ձևաչափը մեռած է։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, սակայն, նշեց, որ Մինսկի խումբը դեռևս գոյություն ունի. «Մինսկի խմբի անդամ երկրները հիմա առճակատման մեջ են Ուկրաինայում։ Հայաստանում նույնպես կան խնդիրներ, այս ռեգիոնի վերաբերյալ խնդիրներ կան նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, և, բնականաբար, դա է բերում է նրան, որ Մինսկի խմբի աշխատանքները դադարեցվում են։ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի կառավարության հետ առանձին են հանդիպում, և Մինսկի խումբը պետք է դիտարկել աշխարհում տեղի ունեցող պրոցեսների կոնտեքստում»։
Վերլուծաբանի կարծիքով՝ այսօր Ռուսաստանի և Եվրամիության հովանավորությամբ ձևաչափերն ընթանում են զուգահեռ, և Բրյուսելը չի ձգտում փոխարինել Մոսկվայի գործընթացը։ Դանիելյանի կարծիքով՝ քանի որ Արցախի հարցը տարածաշրջանային կարևորության է, դրանից են կախված նաև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացման սպեկտրները. «Հիմա գնում է մրցակցություն Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի միջև։ Պետք է Հայաստանը քաղաքականություն ձևավորի և, դրանից ելնելով, իր շահերը դնի և տեսնի՝ որ կողմն է ձեռնտու։ Պարզ է՝ ԱՄՆ-ին և Եվրամիությանը պետք է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանա, ու դրա համար Արցախի հարցը պետք է ինչ-որ ձև լուծվի։ Ամենահարմար տարբերակը՝ Արցախի հարցը փակվի, և այն դառնա Ադրբեջանի մաս, հայերն էլ դուրս գան։ Խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ՝ Ռուսաստանի՝ տարածքից հեռանալը։ Ռուսաստանին պետք է, որ այս կոնֆլիկտը միշտ լինի, որ պատճառ ունենա այստեղ զորքեր պահելու և Հարավային Կովկասում ներկա գտնվելու համար»։
Քաղաքագետի համոզմամբ՝ եթե Մինսկի խմբի համանախագահները տարբեր մոտեցումներ ունեն Հայաստանի զարգացման վերաբերյալ, չեն կարողանա աշխատել։
Անուշ Մկրտչյան