Քաղաքական

«Ռուսական խաղաղապահների գործունեությունում թերացումներ ենք տեսնում». արցախցի քաղաքագետ

«Ռուսական խաղաղապահների գործունեությունում թերացումներ ենք տեսնում». արցախցի քաղաքագետ

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է Փառուխում և Քարագլխում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ այն որևէ փոփոխության չի ենթարկվել. ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է գտնվել այնտեղ. «Մինչ օրս դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, հակառակորդը պարբերաբար ինժեներական, ամրաշինական աշխատանքներ է կատարում։ Ընդհանուր առմամբ՝ լարվածությունն այդքան էլ մեծ չէ, միջադեպեր տեղի չեն ունեցել։ Տեղակայված է նաև ռուսական խաղաղապահ զորախումբը, որն ինչ-որ չափով նվազեցնում է նոր էսկալացիայի հավանականությունը, բայց ասել, թե դրանով հարցը լուծվում է, ճիշտ չէ։ Այն կարող է լուծվել միայն մի դեպքում՝ երբ ադրբեջանական կողմը վերադառնա ելման դիրքեր։ Դա կարող է լինել միայն ու միայն ռուս խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում, ինչն առ այսօր չենք տեսնում, կամ, գուցե, կա աշխատանք, որը տեսանելի չէ»։

Ըստ քաղաքագետի՝ Փառուխի, Քարագլխի դեպքերի առնչությամբ շատ դետալներ կան, որոնք ուսումնասիրության կարիք ունեն։ Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը ռուսական խաղաղապահ զորախմբի թույլ տված սխալի արդյունքն է, բայց կան նաև հանգամանքներ, որոնք փաստում են, որ ոչ միայն ռուսական խաղաղապահ զորակազմի, այլև կոնկրետ այդ դիրքում տեղակայված հայկական ստորաբաժանման (ոչ թե հրամանատարության) կողմից թույլ տված սխալներ կան։

«Ռուսական ստորաբաժանումները պետք է համարժեք պատասխան տային, ինչը չտեսանք և չենք տեսնում այսօր։ Պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որոնցով հնարավոր կլինի հետագա նման միջադեպերը կանխել։ Քանի դեռ կան հանգամանքներ, որոնք մինչև վերջ պարզ չեն, և ընդամենը ենթադրությունների մակարդակում ենք խոսում, ապա չենք կարող հստակ պատասխանատու կարծիք արտահայտել։ Պետք է հասկանանք՝ ինչ է իրականում այնտեղ տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությանը, տեսնում ենք, որ թերացումներ կան։ Գուցե զորակազմի ռեսուրսների, քանակի անբավարարությունն է առաջացնում նման իրավիճակ, գուցե խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի՝ այլ ուղղությամբ գործողությունների տրամաբանությունն է հանգեցնում այս իրավիճակին։ Պետք է ձևավորել նոր մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի բացառել նման միջադեպերը»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական