Քաղաքական

«Ընդդիմությունը չունի օրակարգ ու հստակ ծրագրեր». պատգամավոր

«Ընդդիմությունը չունի օրակարգ ու հստակ ծրագրեր». պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը համոզված է, որ ընդդիմության գործողությունների նկատմամբ ոստիկանների արձագանքն իրենց լիազորությունների շրջանակներում է:

Radar Armenia-ի հետ զրույցում Ղազարյանը նշեց. «Կարծում եմ, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում է գործողություններ իրականացրել։ Ասեմ ավելին՝ կարծում եմ, ոստիկանությունը շատ պատվով է իրացրել իր լիազորությունները»:

Հիշեցնենք՝ այսօր բերման է ենթարկվել քաղաքացիական անհնազանդության ակցիաների 414 մասնակից:

Ընդդիմության ակցիաներին անդրադառնալով՝ Ղազարյանն ասաց. «Կարծում եմ, որ ակցիաները ոչ միայն մարման են գնացել, այլև՝ կազմակերպիչներն ուղղակի չեն կարողանում ներգրավել հասարակության ավելի շատ զանգվածներ՝ մի հասարակ պատճառով. չունեն օրակարգ, հստակ ծրագրեր։ Առհասարակ, այն, ինչ փորձում են ներկայացնել իբրև ճշմարտություն, իշխանությունների կողմից շատ արագ հերքվում է»։

Պատգամավորի կարծիքով՝ այս պահին նման ցույցեր, ակցիաներ կազմակերպելը անիմաստ է, քանի որ ընտրություններից դեռ մի տարի էլ չի անցել, հասարակությունն «իշխանություն-ընդդիմություն» հարցը լուծել է, և որևէ նոր բան տեղի չի ունեցել, ինչը կարող է դրդել՝ գնալ արտահերթ ընտրությունների, ինչպես տեղի ունեցավ նախորդ անգամ. «Ընդհանուր առմամբ, անհասկանալի է, թե ինչու է ընդդիմությունը փողոց դուրս եկել նույն օրակարգով, ինչ՝ ընտրություններից առաջ էր։ Չէ՞ որ այդ հարցերը, որոնք իրենք բարձրաձայնում են, ստացել են իրենց պատասխաններն այդ ընտրություններով: Կարծում եմ, որ այս գործընթացներն առավելապես կապված են ապօրինի գույքի բռնազավթումը, 25 տարիների ընթացքում տեղի ունեցած կողոպուտն ու թալանը վերադարձնելու գործընթացներին և ընդհանրապես աղերս չունեն հայրենիքի կամ Արցախի փրկության հետ»։

Մեր հարցին՝ արդյո՞ք, ինչպես ընդդիմությունն է ասում, ոստիկանության «վայրագությունները» չեն լարի իրավիճակն ու մարդկանց չեն դրդի՝ ավելի շատ դուրս գալ փողոց, պատգամավորն ասաց. «Քանի որ «վայրագություններ» չկան, հետևաբար՝ ոչ։ Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում ուժի կիրառման իրավունք ունի, երբ դրա կարիքը լինում է։ Ընդհակառակն, ես նկատել եմ դեպքեր, երբ ոստիկանությունը կարող էր ավելի կազմակերպված լինել։ Երբ ցուցարարները հարձակվում էին ցույցի հետ կապ չունեցող, այլ հայացքներ ունեցող անձանց վրա, այդտեղ ոստիկանությունը շատ ավելի աչալուրջ պետք է լիներ»:

Ըստ նրա՝ ցուցարարների մի մասն, այնուամենայնիվ, ագրեսիվ է, և այն քաղաքացիները, ովքեր չեն կիսում իրենց հայացքները, պաշտպանության կարիք ունեն. «Վայրագություններ որոշ ցուցարարների կողմից են եղել, որոնք նախկինում զբաղվեն են քաղաքական գործունեությամբ։ Ես կադրեր եմ նայում, որտեղ Աշոտյանը, և ոչ միայն, ոնց են քաղաքացիների վրա գոռում. սարսափելի է»։ 

 Ոսկեհատ Պողոսյան 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական