Քաղաքական

«ՀԱՊԿ-ից հայկական կողմի դժգոհությունները որակական ազդեցություն չեն ունենա». քաղաքագետ

«ՀԱՊԿ-ից հայկական կողմի դժգոհությունները որակական ազդեցություն չեն ունենա». քաղաքագետ

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների կրեմլյան հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառույցի գործունեությանը, նշելով, որ երբ մեկ տարի առաջ Ադրբեջանի ԶՈւ-ն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես ակնկալում էր ՀՀ-ն։ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից ՀՀ ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու խնդրին։

Ըստ քաղաքագետ Արմեն Պետրոսյանի՝ մշտապես արվող այդ հայտարարությունները, հայկական կողմի դժգոհությունները չեն կարող որակական ազդեցություն ունենալ ՀԱՊԿ գործողությունների կամ արձագանքների վրա։

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ դրանում առկա են շատ ավելի խորքային խնդիրներ, որոնք պայմանավորված են  ինչպես ՀԱՊԿ-ի գործառույթներով, կազմակերպության ձևավորման քաղաքական և իրավական հիմքերով, նպատակներով, հնարավորություններով, այնպես էլ դրանում ներգրավված առանձին երկրների շահերով և Ադրբեջանի հետ հարաբերություններով: Ըստ նրա՝ միաժամանակ շատ մեծ ազդեցություն ունի անդամ երկրների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ. «Շատ ավելի խորքային խնդիրներ կան, որոնք ընդամենը մի քանի հայտարարություններով լուծելու հնարավորություն չկա։ Սա չի նշանակում, որ հայկական կողմը չպետք է օգտագործի բոլոր հնարավոր առիթները՝ դրանց մասին բարձրաձայնելու համար։ Նախկին իշխանությունների ժամանակ ևս նման խնդիրների բարձրաձայնում է եղել, բայց այդ հայտարարություններն, առարկայական առումով, որևէ ազդեցություն չեն ունենում ինչպես կազմակերպության գործունեության, այնպես էլ՝ անդամ երկրների վարքի վրա։ Այդ երկրներից մի քանիսը հրապարակային կերպով Արցախը դիտարկել են որպես Ադրբեջանի տարածք, հետևաբար, նրանց դիրքորոշումն էլ տեղավորվել է այդ մոտեցման շրջանակում։ ՀՀ-ն ունի հստակ հնարավորություններ՝ որպես կազմակերպության անդամ, ներկայում էլ՝ որպես նախագահող, փորձելու բարելավել այն խոտանները, որոնք առկա են այս կազմակերպության գործունեության մեջ»։

Քաղաքագետը նշեց, որ ընթացիկ տարեսկզբին Ղազախստանում տեղի ունեցած դեպքերին ՀԱՊԿ արձագանքն ու արձանագրած արդյունքները նշվածի վառ օրինակն են. «Հենց իր նախագահության շրջանում ՀՀ-ն ցույց տվեց լավ օրինակ, թե ինչպես կարելի է արձագանքել կազմակերպության գործառույթներին համապատասխանող որևէ խնդրի առկայության դեպքում։ Իհարկե, անհամեմատելի են Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն ու ՀՀ-Ադրբեջան խնդիրները, բայց, այնուամենայնիվ, կան ՀՀ-ի համար հնարավորություններ՝ փորձելու բարելավել այն խնդիրները, որոնք առկա են գործունեության մեջ»։

Պետրոսյանն ընդգծեց՝ ՀԱՊԿ-ն Արցախյան խնդրի հարցում առարկայական դերակատարում չի կարող ունենալ, որովհետև այդ պաշտպանական կառույցի գործառույթները վերաբերում են անդամ երկրների սահմանների պաշտպանության և անվտանգության խնդիրների լուծմանը։ «Այս դեպքում շատ ավելի առարկայական է կազմակերպության արձագանքի հնարավորությունը ՀՀ-Ադրբեջան սահմանային խնդիրների առաջացման դեպքում, որի վառ օրինակ էր Սոթք-Խոզնավար հատվածում արձանագրված իրավիճակը։ Մինչդեռ այս դեպքում էլ, ինչպես աշխարհի այլ պետություններ, այնպես էլ ՀԱՊԿ անդամ երկրներն ու կազմակերպություններն, այդ իրավիճակում սեփական անգործությունը մեկնաբանել են երկու երկրների միջև սահմանների բացակայությամբ»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական