Քաղաքական

«Ոստիկանական բաժանմունքներում տեղ չկար». Զոհրաբյան

«Ոստիկանական բաժանմունքներում տեղ չկար». Զոհրաբյան

Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիական անհնազանդության 414 մասնակցի, որոնց թվում էին նաև ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը:

Radar Armenia-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը պնդեց՝ իրենք որևէ օրենք չեն խախտել. «Խաղաղ ցույց էինք անում, Արմեն Աշոտյանը Մոսկովյանի խաչմերուկում փորձեց ծաղկեփունջ դնել հայերի ու հրեաների ցեղասպանության հուշակոթողին, որտեղից իրեն բերման ենթարկեցին»: Նրա խոսքով՝ դրանից հետո ինքը քաղաքացիների հետ շարունակել է անհնազանդության ակցիան, և ոստիկանները, «բավական բիրտ ուժ կիրառելով» իր հանդեպ, բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժանմունք։ Իր հետ բերման են ենթարկվել նաև մի քանի տասնյակ քաղաքացիներ։

Նախկին պատգամավորն ընդգծեց, որ Մաշտոցի բաժանմունքում, ի տարբերություն կարմիր բերետավորների, բավականաչափ հանգիստ և ադեկվատ մթնոլորտ էր, սահմանված ձևակերպումներն անելուց հետո ազատ է արձակվել։

Նախկին պատգամավորը տեղեկացրեց, որ դիմել են միջազգային իրավապաշտպան կառույցների. «Ոստիկանական բաժանմունքները Երևանում այնքան լիքն էին, որ այլևս տեղ չկար, և բերման ենթարկված քաղաքացիների մեծ մասին տարել են մարզերի բաժանմունքներ։ Ինչ ասեմ՝ սա ոստիկանապետություն էլ չէ, մենթապետություն է»։

 Զոհրաբյանի խոսքով՝ իրենք հիմա ազատության մեջ են. «Հիմա, սահմանված ժամկետն անցնելուց հետո, մենք ազատության մեջ ենք և Ֆրանսիայի հրապարակում»:

Ոսկեհատ Պողոսյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական