ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին: Ըստ այդմ, առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը՝ կես տարվա փոխարեն սահմանելով մեկ տարի:
Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանը, մեկնաբանելով այս որոշումը, ասաց՝ որպես հանձնաժողովի անդամ՝ ստորագրել է հանձնաժողովի աշխատանքների երկարաձգման օգտին. «Աշխատանքի ընթացքում բացահայտվել են որոշակի փաստեր, որոնք հիմք են տալիս ավելի հիմնավոր կասկածներ ունենալ, որ այդ գումարները ծախսվել են ոչ այն նպատակով, որով հավաքագրվում էին։ Ավելի մանրամասն չեմ ուզենա ասել, որովհետև սովոր եմ խոսել փաստերով»։
Մամիջանյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքների երկարաձգման որոշումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան իմանալ՝ ինչպես են տնօրինվել գումարները. «Փաստերի առաջքաշումից հետո, արդեն նոր կառավարության պայմաններում, մեր հանրությունը՝ ՀՀ և սփյուռքի քաղաքացիները, այլ երկրների հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք անմասն չմնացին մեր երկրի և Արցախի ցավին, հնարավորություն կունենան տեսնել, թե ինչպես են տնօրինվել, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես գողացվել այդ գումարները»։
Նա նշեց, որ այս ընթացքում՝ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում, հրավիրվել են շուրջ մեկ տասնյակ նախկին և գործող պաշտոնյաներ. «Կառավարություն և այլ գերատեսչություններ են ուղարկվել գրավոր հարցումներ, որոնց պատասխանների նախնական համադրման արդյունքում էլ կարող ենք հասկանալ՝ որ ուղղությամբ է պետք հստակ խորացնել ուսումնասիրությունը»։
Անուշ Մկրտչյան