Քաղաքական

Վիզաների ազատականացման գործընթացում դեռ ճանապարհի սկզբին ենք

Վիզաների ազատականացման գործընթացում դեռ ճանապարհի սկզբին ենք

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Երևանն ու Բրյուսելը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները։ Քննարկումը տեղի կունենա մայիսի 18-ին կայանալիք Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի չորրորդ հանդիպմանը։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով սպասվող հանդիպմանն ու հարցին, թե մինչ այս վիզաների ազատականացման գործընթացում ինչ առաջընթաց է ապահովվել, ասաց. «Առայժմ լուրջ առաջընթաց չի արձանագրվել, թեպետ բանակցությունների ընթացքում նախանշվել էին քայլեր, որոնք պետք է ավելի դյուրին դարձնեին վիզաների տրամադրումը։ Որոշ քայլեր արվել են, բայց դրանք շատ քիչ են, ճանապարհի սկիզբն են։ Պետք է հաշվի առնել, որ կորոնավիրուսային համավարակը շատ լուրջ խոչընդոտ էր այս գործընթացի համար։ Երկրները մտցնում էին տարատեսակ սահմանափակումներ, որոնք բխում էին անվտանգության հարցերից և համավարակին դիմակայելու անհրաժեշտությունից»։

Ըստ Մելիքյանի՝ այդ ամենին խոչընդոտեցին նաև ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները. «Պատերազմը, որն սկսվեց Ուկրաինայի դեմ, նույնպես լուրջ խոչընդոտ է գործընթացի համար։ Այդուհանդերձ, եթե այսօրվա պայմաններում հնարավորություն է ստեղծվում շարունակել բանակցությունները, թե ինչպես կարելի է գործընթացն առաջ տանել, դա շատ կարևոր է, մանավանդ, որ այդ ամենը համահունչ է ՀՀ-Եվրամիություն պայմանագրին։ Մեզ համար կարևոր և ուրախալի կլինի այս գործընթացում առաջընթաց գրանցել»։

Անդրադառնալով իշխանության պնդումներին, թե ՀՀ-ն ժողովրդավարության տարբեր չափանիշներով բարելավում է իր դիրքերը, և հարցին՝ դա կարո՞ղ է նպաստել նշված գործընթացի՝ ավելի արդյունավետ և արագ իրականացմանը, Մելիքյանն ասաց. «Բոլոր փոփոխությունները պետք է համահունչ լինեն միջազգային ընդունված նորմերին, որ տեսանելի լինեն Արևմտյան գործընկերների համար։ Իհարկե, հեղափոխությունը շատ մեծ հեռանկարներ էր բացում ՀՀ-ի ժողովրդավարական զարգացման համար, բայց տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ՝ տարածաշրջանային զարգացումներ, պատերազմ, հակամարտություն ներքաղաքական դաշտում, իշխանությունների կողմից ոչ լիարժեք քայլեր՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը և ներքին հասարակական-քաղաքական կյանքը կայունացնելուն, խոչընդոտեցին դրան»։

Նրա կարծիքով՝ իշխանությունը շատ անելիք ունի՝ հաստատելու իր պատրաստակամությունը՝ ժողովրդավարական բարեփոխումներին հարազատ մնալու և այն առաջ տանելու համար։ «Հայաստանի քաղաքացիների, քաղաքական ուժերի, տարբեր ոլորտների մասնագետների շփումները Եվրամիության երկրների, ԵՄ-ի հետ շատ օգտակար կարող են լինել ժողովրդավարացման զարգացման համար, ինչը նաև կնպաստի վիզաների տրամադրման հեշտացման գործընթացին»։

Մարիամ Սարգսյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական