Քաղաքական

«Օրինաչափ է 6 կետերում ԼՂ կոնկրետ կարգավիճակը չընդգծելը». քաղաքագետ

«Օրինաչափ է 6 կետերում ԼՂ կոնկրետ կարգավիճակը չընդգծելը». քաղաքագետ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկած 6 կետերը։ Դրանցից մեկը վերաբերում է Արցախի կարգավիճակին. «Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով այդ առաջարկներին, ընդգծեց, որ կետերից մեկը վերաբերում է Արցախի կարգավիճակի հստակեցմանը, բայց չի նշվում՝ կոնկրետ ինչ կարգավիճակի մասին է խոսքը. «Սա ինչ-որ տեղ օրինաչափ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի բնակչությունն է որոշում, թե ինչ կարգավիճակ է իր համար ընդունելի։ Արցախի բնակչությունն արդեն իսկ իր ընտրությունը կատարել է, և սա կասկածի տակ դնել չենք կարող»։

Ինչ վերաբերում է  կետերի ընդհանուր տրամաբանությանը, քաղաքագետը նշեց, առաջին կետում ուղղակի նշվում է, որ ՀՀ-ն պատասխանում է Ադրբեջանի առաջարկած  կետերին։ «Չգիտեմ՝ սա կարելի՞ է ընդհանրապես որպես առանձին կետ դիտարկել, հասկանալի չէ՝ դիվանագիտական բառապաշարում սա տեղավորվու՞մ է, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ այն պետք է լիներ նախասկիզբը, բայց ոչ՝ առանձին կետ։ Մյուս կետերում պատմական էքսկուրսներ են կատարվում, հիշատակումներ են արվում, բայց չկա հստակ պահանջ, առաջարկություն։ Կարող ենք դրանք դիտարկել որպես մոտեցում, բայց ոչ՝ որպես պահանջ։ Գուցե մեր դիվանագիտական կորպուսի ձախողման, թերացման արտահայտությունն է, բայց, ամեն դեպքում, այդ առաջարկներով ասում ենք, որ ունենք որոշակի վերապահումներ առաջարկված  կետերի վերաբերյալ»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական