ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է քաղաքացիական անհնազանդության ակցիաները դադարձնելու մասին։ Նա շնորհակալություն է հայտնել առավոտյան իրականացված ակցիաների մասնակիցներին։
Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարել է. «Ոստիկանական բիրտ ուժը չի կարող ճնշել ժողովրդին: Մեր հայրենակիցներն այսօր ապացուցեցին, որ երկրում երկիշխանություն է հաստատված, իրենք են որոշում՝ որ փողոցը պետք է փակվի եւ ինչ ժամանակով: Ես համարում եմ, որ այսօր մենք լիարժեք մեր առջեւ դրված խնդիրը իրականացրել ենք: Ժամը 08.00-ից քաղաքի երթեւեկությունը կաթվածահար է, փողոցները շարունակում են շրջափակված մնալ: Մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց եւ տեր են կանգնում իրենց իրավունքներին:
Ես առաջարկում եմ 11.30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները, մենք մեր առջեւ դրած խնդիրը լիարժեք կատարել ենք»։
Սաղաթելյանը նաև նշել է՝ «այսօրվա ակցիաներից ունեն մի քանի հարյուր բերման ենթարկվածներ, ոստիկանության բաժանմունքներում տեղ չկա»:
Նա հիշեցրել է, որ ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք: