Քաղաքական

«Այնպես չէ, որ հավաքված բոլոր լիդերներն իմ սրտով են». Նաիրա Զոհրաբյան

«Այնպես չէ, որ հավաքված բոլոր լիդերներն իմ սրտով են». Նաիրա Զոհրաբյան

Ընդդիմության գործողությունների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» հ/կ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։ 

-Տիկի՛ն Զոհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում բողոքի ցույցերին հասարակության ներգրավվածությունը։

- Ես, իհարկե, շահագրգիռ եմ, որ մեր հասարակության՝ հնարավորինս լայն, ակտիվ զանգված ներգրավվի այս գործընթացին։ Մեր խնդիրը չպիտի լինի այս կամ այն կուսակցությանը սատարելը, այս կամ այն կուսակցության դրոշի տակ կանգնելը։ Ես այնտեղ եմ՝ որպես, առաջին հերթին, քաղաքացի, այլ ոչ՝ որպես հրապարակում եղած այս կամ այն լիդերի, ուժի համակիր։ Ես այնտեղ եմ՝ որպես գործիչ, որը հասկանում է, որ մենք կանգնած ենք Արցախը կորցնելու անշրջելի իրավիճակի անդառնալիության կետի առջև։ Շատ կցանկանամ, որ մեր հասարակության պասիվ հատվածը, որը վստահաբար ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ով իր տանը նստած տեսնում է, զգում է, հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի ամեն օրը նշանակում է՝ ամեն օր սպանել Արցախն ու Հայաստանը, դուրս գա ու միանա այս պայքարին։ Այնպես չէ, որ հարթակում հավաքված բոլոր բանախոսներն ու լիդերներն իմ սրտով են, կամ բոլորի հանդեպ ես համակրանք ունեմ, բայց ես հիմա՝ որպես շարքային զինվոր, բոլոր գործողություններին մասնակցում եմ, որովհետև ես հասկանում եմ, որ դրա այլընտրանքն Արցախի հանձնում է Ադրբեջանին և Հայաստանի իշխանությանը բզկտումը։ Հիմա այն պահն է, որ մենք մի կողմ պիտի դնենք «սիրում եմ, չեմ սիրում»-ը». դրա ժամանակը չի։ Այսօր Հայաստանը դենիկոլիզացիա անելու ժամանակն է։

Ես, որ մշտապես քննադատել եմ ընդդիմությանը, այսօր տեսնում եմ՝ ընդդիմությունն անում է իր հնարավորությունների առավելագույնը։ Եվ նաև հասկանում եմ, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ ընդդիմությանը դրդի հակաօրինական քայլերի, շենքեր գրավելու և այլն, որպեսզի ձերբակալի լիդերներին և գլխատի շարժումը։

Ես համաձայն եմ՝ այն զարթոնքը, որ մենք ակնկալում ենք, դեռ չկա։ Կա կոնստանտ մի հատված, մտածող, մտահոգ քաղաքացիների, որոնց համար միևնույն է, թե խոսափողը հարթակում կանգնած որ գործչի ձեռքին է։ Իրենք տվյալ գործչի համար չեն գալիս, իրենք գալիս են, որ հնարավոր լինի՝ միասնական ուժերով փոխել այս իշխանությունը։ Բայց պետք է միանա հասարակության այն կրիտիկական հատվածը, որն ընդդիմադիր առաջնորդներին իսկապես կտա շատ ավելի վճռականություն, և մենք կկարողանանք կասեցնել այս գահավիժումը։ Չի միանա՝ ինչ ասեմ, յուրաքանչյուրը հետո նայելու է իր երեխայի աչքերին և պատասխան է տալու իր երեխային՝ ինչ կարող էր անել ինքը, որ չարեց։

- Ի՞նչն է պատճառը, որ հասարակության այն հատվածը, որը կողմ է իշխանափոխությանը, չի միանում Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին։

- «Հասարակություն մինուս Նիկոլ» հատվածի զգալի մասը դեռ չի միանում Ֆրանսիայի հրապարակում հավաքված ընդդիմությանը՝ ամեն մեկն իր սուբյեկտիվ պատճառներով։ Պատճառները տարբեր են, մեկի մոտիվացիան այն է, որ այս լիդերին, բանախոսին չի վստահում, չի գալիս, մյուսինն այն է, որ պետական համակարգում է աշխատում, իսկ նրանց հանդեպ ահավոր տեռոր է սկսվել։ Ես դիմում եմ պետական համակարգում աշխատողներին. որ ասում եք՝ տուն ենք պահում, դուք պիտի պետություն ունենաք, որ կարողանաք ձեր տունը պահել։ Եթե մենք մեր պետությունը, պետականությունը կորցրինք, որտե՞ղ եք ձեր տունը պահելու՝ թուրքական վիլայեթո՞ւմ։

Ամեն մեկը՝ մի սուբյեկտիվ պատճառաբանությամբ, նոր լիդեր է ուզում, ընդդիմությունից պահանջում է հստակեցնել՝ ով է վարչապետի թեկնածուն, որովհետև ժողովուրդը, ցավոք սրտի, սիրում է փրկիչ։ Բայց մի փրկչի 2018թ.-ից ժողովուրդն ընկալեց ու կառչեց (խաչակնքվում եմ այդ բառն ասելուց, որովհետև մենք մի փրկիչ ունենք՝ Հիսուսին), որը մատաղ արեց 5000 երեխայի, հանձնեց Արցախն ու Շուշին։ Մեզ փրկիչներ պետք չեն, մեզ հիմա պետք է մահապարտների կառավարություն, որը բաղկացած լինի ոչ թե մեկ քաղաքական ուժից, այլ տարբեր պրոֆեսիոնալներից, որպեսզի կարողանա այս պահին ժամանակ շահել և չվազել՝ Ադրբեջանի օրակարգով նրա հետ խաղաղության պայմանագիր կնքելու, որովհետև որևէ մեկը, աշխարհաքաղաքական որևէ կենտրոն՝ բացի Թուրքիայից և Ադրբեջանից, Հայաստանին չի ստիպում կնքել այդ պայմանագիրը։

- Ամեն դեպքում, այս ողջ բողոքի ցույցերը իշխանափոխության համար են։ Ըստ Ձեզ՝ ե՞րբ կլինի իշխանափոխություն։

- Ես այս հարցին չեմ կարող պատասխանել։ Այդ հարցի պատասխանը պիտի տա ժողովուրդը՝ իր հսկայական ներկայությամբ։ Միայն ժողովրդով է հնարավոր հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այլ քաղաքակիրթ տարբերակ չկա։ Բացի մասսայական, զանգվածային բողոքի, ըմբոստության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու այլ տարբերակ չկա։ Այս հարցին պետք է պատասխանեն մեր այն քաղաքացիները, որոնք դեմ են Նիկոլին, բայց շարունակում են նստած մնալ իրենց տանն ու սպասել ինչ-որ հերթական փրկչի։ Վաղը ի՞նչ է ասելու այն քաղաքացին, որը չի հավանում, չի վստահում այս կամ այն լիդերին և նստած սպասում է, թե երբ է գալու իր ճաշակով փրկիչը։ Չէ, չի գալու այդ փրկիչը։ Բայց եթե ժողովուրդը շարունակի մնալ պասիվ դիտորդ, մենք լրջագույն կորուստներ ենք ունենալու։

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական