Քաղաքական

«Բարձր գոռալը ոչնչի չի օգնում». պատգամավոր

«Բարձր գոռալը ոչնչի չի օգնում». պատգամավոր

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս հայտարարել է, թե երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ։ 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Radar Armenia-ի հետ զրույցում, սակայն, հակադարձեց՝ դրանք Սաղաթելյանի պատրանքներն են, ուրիշ ոչինչ. «Իշխան Սաղաթելյանը իր պատրանքները և ցանկությունները, որ կուզենար՝ լինեին երկրում, որպես իրականություն է մատուցում՝ փորձելով մոլորեցնել մարդկանց։ Իշխան Սաղաթելյանի ենթադրած քաղաքական ճգնաժամը միայն իր և իր համախոհների պատկերացումների մեջ է»։

Դավոյանն անդրադարձավ ընդդիմադիր գործչի մեկ այլ հայտարարության, թե  «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձողի իջեցման գործընթացը։ Ըստ Դավոյանի՝ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը որևէ կապ չունի փողոցային պայքարի հետ. «Դա մեկնաբանելու որևէ կարիք չկա, որովհետև Սաղաթելյանը և իր համախոհները իրենց երևակայությանն են զոռ տալիս և տեղի ունեցող տարբեր գործընթացներ վերագրում իրենց շարժմանը։ ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականությունը որևէ կապ չունի իրենց փողոցային պայքարի հետ։ Կառավարությունը աշխատում է ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ պետական շահը առաջնահերթ լինի, և առաջնորդվում է այդ ուղենշով»։ 

Արփի Դավոյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների հայտարարությանը, թե երկրում իշխանափոխության հանրային պահանջ կա. ըստ նրա՝ հանրային պահանջ կար 2021թ.-ին, երբ դրա ներքո տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և 2018թ.-ին, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը. «Եթե հանրային պահանջ լինի, դրա մասին Իշխան Սաղաթելյանը չի մեզ տեղեկացնի , այլ կտեսնենք և կզգանք։ Հանրային պահանջը մարդկանց տեղեկացնելով և համոզելով չէ։ Իշխան Սաղաթելյանը որ դուրս գա իր պատրանքներից և վերադառնա իրական կյանք, կտեսնի, որ հանրային պահանջ չկա։ Կամ գուցե կարդա «հանրային պահանջ» արտահայտության բացատրությունը և հասկանա՝ դա ինչ է նշանակում, և այլևս չօգտագործի այն»։    

Ըստ Դավոյանի՝ ընդդիմությունը չունի որևէ ծրագիր. «Ընդդիմադիրները որևէ ծրագիր չունեն, ասում են իշխանափոխություն լինի՝ մի բան անենք, մի բան լինի։ Որևէ ուղենիշ չունեն, իրենց պետք է իշխանության գալ, որից հետո վերադառնան իրենց գործելաոճին, որով առաջնորդվել են տարիներ շարունակ»։  

Ըստ Դավոյանի՝ ընդդիմությունը դժվար կկողմնորոշվի վարչապետի հարցում, որովհետև վարչապետների շատ թեկնածուներ ունեն. «Իրենք ունեն տարբեր մարդիկ, առաջնորդներ, նույնիսկ տարբեր կարգախոսներ, նրանք բազմաշերտ են, բազմաբնույթ և բազմատարր։ Ընդդիմության ներսում հստակ հակասություններ կան, և չեմ կարծում, որ այդ հակասությունների ֆոնին նրանք կկարողանան փոքրիկ հաջողություն գրանցել։ Ի սկզբանե տապալված են, և այս ամբողջ վիճակը մարդկանց նյարդերի վրա է ազդում, որովհետև չկա հանրային պահաջ և աջակցություն, բարձր գոռալը ոչնչի չի օգնում։ Պետք է հասկանալ, որ կա ժողովուրդ, և նա ընտրել է ներկայիս իշխանությանը։ Եթե ժողովուրդը որոշի, որ իշխանությունը պետք է հեռանա, իր ընտրությունը կկատարի։ Հեղափոխություն անելը հեշտ չէ, որ ով տեղից վեր կենա, ասի՝ ուզում եմ հեղափոխություն անել»։  

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական