Քաղաքական

«Նոր քայլեր չպետք  է ձեռնարկվեն, քանի դեռ վստահության մթնոլորտը չի վերականգնվել». իրավապաշտպան

«Նոր քայլեր չպետք  է ձեռնարկվեն, քանի դեռ վստահության մթնոլորտը չի վերականգնվել». իրավապաշտպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում անդրադարձել է հայ գերիների թեմային՝ ընդգծելով, որ Ադրբեջանը նրանց վերադարձի գործընթացը փորձում է դարձնել առևտրի առարկա: 

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց, որ Փաշինյանի խոսքում ազնվության որոշակի տարր կա, որովհետև նա վերջապես խոսեց այն մասին, ինչ իրավապաշտպանները երկար ժամանակ բարձրաձայնում են. «Պատասխանատվության և մեղավորության իր մասնաբաժինն ունի նաև ՀՀ բարձր ղեկավարությունը, որ գերիների խնդիրը քաղաքականացվել է, և դրա հետևանքով դարձել դժվար լուծելի, կամ, առնվազն, ՀՀ-ն ու միջազգային գործընկերները շատ թանկ գին են վճարում պարզագույն մարդասիրական խնդրի լուծման համար»։

Ըստ Սահակյանի՝ այդ սխալներից է այն, որ ՀՀ ղեկավարությունը շատ վաղ փուլերում՝ նոյեմբերի 9-ի համաձայնության ստորագրումից հետո, տեսավ, որ մարդասիրական խնդիրները չեն լուծվում, և, փոխանակ հակակշիռներ ստեղծեր ու ապալեգիտիմացվեր բանակցությունների այդ հարթակը, շարունակում էր զիջումների գնալ. «Կողմերից մեկը բացահայտորեն չէր իրականացնում պարտավորությունները, այդ թվում՝ մարդասիրական բնույթի, սակայն հայկական կողմը շարունակում էր միակողմանի զիջումների գնալ։ Սա շատ սխալ դիվանագիտական և քաղաքական քայլ էր»։

Հաջորդ սխալը, ըստ իրավապաշտպանի, այն է, որ ՀՀ-ն չի վարում հետևողական քաղաքականություն, և հայտարարություններն իրարամերժ են, ինչը չի կարող անտեսվել միջազգային հանրության կողմից։ Մինչդեռ, ըստ Սահակյանի, քաղաքականության գիծը պետք է հստակ լինի. «Եթե ապագա խաղաղության պայմանագրի կողմը չի կարողանում լուծել մարդասիրական խնդիրներ՝ առանց առևտրի և առանց մեր հասարակությանը մեծ ցավ պատճառելու, ինչպե՞ս է ձևավորվելու վստահության մթնոլորտ, որի պայմաններում կունենանք իրական խաղաղություն։ Քանի դեռ այդ հարցերն իրենց պատասխանները չեն ստացել, հռետորաբանության միակ գիծը պետք է լինի Ադրբեջանին քննադատելը, ապալեգիտիմացնելը և միջազգային հանրության ճնշումների ներքո մեր խնդիրները լուծելը։ Լավ էր, որ վերջապես այս ինքնախոստովանությունը հնչեցվեց վարչապետի կողմից, սակայն պետք է հետագա գործելակերպն ու հայտարարությունները համաձայնեցնել հենց այդ թեզին, որովհետև գտնվում ենք խաբվածի դերում, և նոր քայլեր չպետք  է ձեռնարկվեն, քանի դեռ ՀՀ-ին առնչվող բոլոր խնդիրները չեն լուծվել, և վստահության մթնոլորտը չի վերականգնվել»։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի հայտարարությունն «անհիմն և անտեղի» որակելուն՝ Սահակյանն ընդգծեց, որ այդ պետությունը տարիներ շարունակ հմտացել է կեղծարարության մեջ, որը սահմաններ չունի. «Նրանք կարող են կեղծել անգամ փորձագիտական եզրակացությունները, ամբողջական քրեական գործեր, նրանց համար չափազանց հեշտ է կեղծել քաղաքական բնույթի պայմանավորվածությունները կամ հայտարարությունները»։

Իրավապաշտպանի պնդմամբ՝ հայկական կողմը պետք է շատ ուժեղ գտնվի միջազգային հանրությանը ներկայացվող փաստերի հարցում, դրանք պետք է լինեն հիմնավոր, ստուգված լինեն ՀՀ քննչական մարմինների կողմից. «Հաջորդիվ՝ հայկական կողմը պետք է կարողանա ցուցադրել ադրբեջանական կողմի կեղծարարությունը, թե ինչպես են նրանք աղավաղում իրականությունն ու հայելային էֆեկտների միջոցով փորձում հավասար վերաբերմունքի արժանանալ միջազգային հանրության կողմից։ Մեր թիմը կարողացել է ՄԻԵԴ գործերով այս կեղծարարությունը բացահայտել, և կան դատական ակտեր, որոնցում ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից ներկայացված տեղեկատվությունը, ապացույցները կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը։ Եթե մասնավոր անձինք սահմանափակ ռեսուրսներով այս խնդիրը լուծել են, ապա, եթե նպատակային ուղղությամբ գործի դրվեն ազգային անվտանգության և քննչական մարմինների ռեսուրսները, այս հարցում ևս հաջողություն կարձանագրենք»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական