Քաղաքական

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետին ուզում են կալանքից ազատե՞լ

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետին ուզում են կալանքից ազատե՞լ

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն երկրորդ անգամ չի հաստատել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը և այն հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: 

Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմեց Հակակոռուպցիոն Կոմիտե, որտեղից փոխանցեցին. «Գործը դատախազությունից հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին»:

Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի, այս կերպ գործը ձգձգելու և դատարան չուղարկելու պատճառներից մեկն էլ Վլադիմիր Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի համար կալանքից ազատվելու հնարավորություն ստեղծելն է։

Հիշեցնենք՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ. Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Վ. Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2011 թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող՝ 75 000 000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3 000 000 ՀՀ դրամ: Բացի դրանից՝ Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ. 120 000 000 ՀՀ դրամով ու 204 250 000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և, գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները, դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը:

Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017 թ. 47 855 000 ՀՀ դրամին համարժեք 100 000 ԱՄՆ դոլարով գնել է նույն թվականի արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 27 մլն ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:

Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական