Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով այդ հանդիպմանն ու այն հանգամանքին, որ թեև սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքները պետք է մեկնարկեին ապրիլի ավարտին, սակայն ժամկետները խախտվել են, ասաց, որ այսօրվա դրությամբ որևէ գործընթաց հօգուտ ՀՀ-ի չէ. «Հայաստանը, հայ ազգը և Արցախը չեն բարձրաձայնել միասնական մոտեցում։ Արցախի համար կարգավիճակի հարցը կարմիր գիծ է, Հայաստանը դրան չի օժանդակում։ Ասում են՝ 6 առաջարկ են ներկայացրել, դրանցում, գուցե, գրված է այն ձևակերպումը, որ գործող իշխանությունները անկախությունից այն կողմ ոչինչ չեն ընդունելու։ Ինչու՞ չեն հրապարակում։ Երբ խոսում են անվտանգությունից, որո՞նք են դրա մեխանիզմները։ Եթե խաղաղապահ ուժերի տեղակայումն է, պետք է հստակեցնել՝ ՌԴ-Արևմուտք այսօրվա առճակատման ընթացքում հնարավորություն լինելու՞ է, որ այլ մեխանիզմներ ներմուծվեն՝ բացի ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ադրբեջանի կողմից բաց գործընթաց կա՝ հրապարակել է իր 5 առաջարկները, իր հանրությանն իրազեկել է, այդ կետերի համար պայքարում է։ Պայքարն էլ հասել է նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող բոլոր երկրները միշտ խոսում են, թե շատ ուրախ են, որ սկսվելու են բանակցություններ՝ Ադրբեջանի 5 կետերի հիման վրա»։
Անդրադառնալով ՀՀ իշխանության այն պնդմանը, թե բոլոր հանդիպումների մասին իրազեկվում են Արցախի իշխանությունները, Պողոսյանը նշեց, որ հարց է առաջանում՝ ինչ են իրազեկել, որ Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել՝ ասելով՝ «մեզ մենակ չթողնեք, պետք է պայքարենք»։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարարի և վարչապետի կողմից գերիների վերադարձի գործընթացին անդրադառնալուն, Թևան Պողոսյանը նշեց. «Մեկ անգամ չեմ ասել, որ Ադրբեջանը գերիների հարցը պահելու է որպես առևտրի թեմա։ Մեր տղաների որևէ խումբ բերելու համար ՀՀ-ն գին է վճարում՝ անկախ նրանից, թե ով է միջնորդը։ Հիմա պետք է դիտարկել՝ ինչու՞ է ուշանում գերիների նոր խումբը։ Փաշինյանը Նիդերլանդներում ասաց՝ ինչ քարտեզ ունեցել ենք, տվել ենք։ Էլ բան չունի վճարելու, դրա համար էլ չեն ուղարկում գերիներ։ Հիմա էլ նոր բանի պահանջ են դրել՝ դելիմիտացիա, դեմարկացիա ու «խաղաղության» պայմանագիր։ Ադրբեջանն ամենասկզբից էլ իր համար «պաշար» է ձևավորել, որ միշտ ստանալու բան ունենա»։
Մարիամ Սարգսյան