Ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։
-Ընդդիմությունը օրեր շարունակ բողոքի ակցիաներ է իրականացնում։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց գործողությունները։
-Ներքաղաքական պայքար է, որը պայմանավորված է արտաքին միջավայրում մի կողմից անհանգիստ մարտահրավերներով լեցուն, մյուս կողմից՝ անորոշ և անկանխատեսելի հեռանկարներով, բայց, թերևս բոլորի համար, աներկբա հիմնարար վերափոխումների ներուժով և ապագայում էական փոփոխություններ պարունակող գործընթաց է և այս միջազգային բարդ միջավայրը Հայաստանում նույնպես բերել է ներքաղաքական այսպիսի ալիքների առիթի, որոնց առանցքում, ինչպես միշտ է եղել, գործնականում այսօր էլ Արցախի հարցն է և մենք հիմա տեսնում ենք այս շրջանակում ծավալվող պրոցես, որի շերտերում բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր են՝ թե՛ արտաքին դերակատարներին առնչվող, թե՛ իշխանություն-ընդդիմություն տիրույթի և թե նաև ընդդիմության ներսում եղած ուժերի միջև հարաբերությունների պարզաբանման։
-Դուք արտաքին միջամտություն տեսնու՞մ եք:
-Երբ արտաքին միջավայրի ազդեցության մասին եմ խոսում, չեմ խոսում արտաքին միջամտության մասին։ Չեմ կարող բացառել որևէ արտաքին միջամտություն, միանգամյան հավանական է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում, այս անհնազանդության շարժումը սկսած ուժերը ունեն նաև արտաքին գործընկերներ, առավել ևս, որ այս տարիների ընթացքում նրանք գործնականում բաց են ներկայացրել այդ գործընկերների առկայությունը, առավելապես ռուսական քաղաքական և մերձիշխանական դաշտում տարբեր տնտեսական և քաղաքական խմբերի տեսքով, բայց էլի եմ նշում. խնդիրը միայն արտաքին միջամտության հարցը չէ։ Արտաքին միջավայրը այնպիսին է, որ էական ազդեցություն է թողնում թե՛ Հայաստանին անմիջականորեն առնչվող անվտանգության միջավայրի վրա, թե՛ արցախյան հարցի վրա և թե՛, բնականաբար, այդ ամենը իր ազդեցությունն է ունենում Հայաստանի ներքաղաքական ընկալումների վրա՝ դառնալով այսպիսի զարգացումների խթան։
-Ընդդիմության հանրահավաքներին մասնակցողները թիվը ամեն դեպքում կրիտիկականի չի հասնում, ինչո՞ւ։
-Ուժերը, որոնք այսօր փողոցում շարժումը փորձում են ծավալալել մինչև 2018թ. եղել են հայաստանը կառավարող համակարգի մաս, ընդհանուր առմամաբ ձևավորել են կառավարող համակարգը և այդ կառավարող համակարգը բավականին ծանր հետևանքներ է ունեցել հասյատանի համար, գործնականում՝ բոլոր առումներով։ Այդ համակարգը բնորոշվել է հանրային ոչ լեգիտիմությամբ, բնորոշվել է որպես մի շարք խորքային արատների աղբյուր, այդ արատների վրա կառուցված համակարգ, կոռուպցիա, ընտրական մեխանիզմների կազմաքանդում և վերարտադրության, բիզնեսի և իշխանության սերտաճում։ Այսինքն՝ համակարգային մի շարք արատներ, որոնց հետևանքը իր վրա զգացել է Հայաստանի քաղաքացին և որոնց որոշ հետևանքներ քաղաքացիները առ այսօր էլ զգում են և քաղաքացիները շատ լավ պատկերացնում և բավական հստակ գիտակցում են, թե իրենց խնդիրների որ մասը ինչպիսի պատճառահետևանքային կապ ունի և այդ ամեն ինչի գլխավոր հասցեատեր դիտարկում են նախկին կառավարող համակարգը, և, ըստ այդմ, չկա վստահություն, որ այդ համակարգը ներկայացնող ուժերը կարող են որևէ կերպ փոխել Հայաստանում իրավիճակը դեպի ավելի լավ, պաշտպանված, հուսալի, հանրային և պետական շահի վրա հիմնված կառավարում։
- Քաղաքացիական բախումների վտանգ տեսնու՞մ եք։
- Կարծում եմ՝ քաղաքացիական բախումներ, եթե մասշտաբային բախումների մասին է խոսքը, գործնականում նման վտանգ չկա, թեև տեսականորեն այդ ռիսկը կարող է լինել, եթե ծավալվում է փոխադարձ անհանդուրժողության վրա կառուցված որևէ քաղաքական պրոցես՝ անկախ այդ պրոցեսի բազմամարդության աստիճանից։ Առավել ևս, որ անկասկած է մի հանգամանք. այդ փողոցային պրոցեսը ծավալած ուժերի առաջնորդները միանգամայն հաշվարկված շեշտադրումներ են անում արմատական ահանդուրժողության վրա։ Այդ հանգամանքը դիտարկում են որպես քաղաքական նպատակներին հասնելու, քաղաքական նպատակներ սպասարկելու ճանապարհ և սա բնականաբար բարձրացնում է ռիսկերը, բայց միջնույն ժամանակ ուզում եմ հուսալ, որ կարմիր գծեր կան նաև այդ ուժերի առաջնորդների համար և նրանք շատ լավ պատկերացնում են, որ եթե այդ կարմիր գծերը անցնեն, ապա չեմ կարծում, որ այդտեղ կարող է լինել շահող և պարտվող և մեծ հաշվով բոլորն են հայտնվելու պարտված վիճակում և հենց այս առումով է, որ գործնական իմաստով լայն քաղաքացիական բախումների վտանգ չկա, թեև տեսական վտանգը պետք է բոլոր կողմերին պահի մշտապես զգոն և կարմիր գծերի համար միանգամայն պատասխանատու։
-ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը իր հարցազրույցներից մեկում ասում է, որ հրապարակում կան մարդիկ, որոնք իր համար անընդունելի են, ես իրենց՝ այնտեղ գտնվելը համարում է հարված շարժմանը։ Հնարավո՞ր է, որ բանը հասել է փոխադարձ մեղադրանքներին կամ մեղավորների փնտրտուքին։
-Այն նպատակը, որը բարձրաձայնել են, չեն հաջողացնում իրականացնել փողոցում շարժում ծավալող ուժերը, ապա այդպիսի դեպքերում գրեթե օրինաչափություն է, որ միշտ սկսելու է մեղավորների փնտրտուք և քանի որ խոսքը միատար շարժման մասին չէ, այսինքն՝ մեկ ուժի կամ առաջնորդի, բնական է, որ արդյունավետության ցածր ցուցանիշի պարագայում այս հարցը առաջանալու է, ինչպես կարող է առաջանալ ցանկացած բազմաբևեռ շարժումների պարագայում։ Մյուս կողմից, սա կարող ենք դիտարկել ոչ միայն մեղավորների փնտրտուքի հնարավոր զարգացման համատեստքում, այլ նաև ընդդիմության ներսում մշտապես եղած տարաձայնությունների, ռազմավարությունների, մոտեցումների, եղած հարաբերությունների հակասականության հանգամանքով և սա դրա դրսևորումներից մեկն է և այսպիսի դրսևորումները բազմաթիվ են եղել թե՛ այս շարժման ընթացքում, թե՛ ընդհանրապես ուժերի հարաբերություններում՝ և՛ իշխանության եղած տարիներին, երբ իրենք կառավարող համակարգ էին, և՛ նաև այդ իշխանությունից անմիջապես հետո, ըստ այդմ՝ սա ամենևին նոր երևույթ չէ, և պարբերաբար կրկնվում է քաղաքական այսպիսի իրավիճակներում։
-Ի՞նչ զարգացումների սպասել, կարո՞ղ ենք ենթադրել, որ ընդդիմությունը չի կարողանա հասնել ցանկալի արդյունքի։
- Զարգացումները էապես պայմանավորված են ոչ միայն Հայաստանի ներսում և ոչ միայն այս պրոցեսի դերակատարների ցանկությունից, կամքից կամ գիտակցումից, այլ գերազանցապես արտաքին միջավայրից, որովհետև տեսնում ենք, որ արտաքին միջավայրում աշխարհ է փոխվում։ Մենք այդ աշխարհի կարևորագույն ռեգիոններից մեկն ենք, ունենք նաև այդ ռեգիոնի և ընդհանրապես աշխարհակարգի համար նշանակալից ազդեցություն և գործոն և այդ պայմաններւոմ բնական է, որ աշխարհի փոխվելու գործընթացը էապես ազելու է նաև մեր վրա հետևաբար նաև մեր ներքին վիճակի վրա։ Սա բերում է անորոշ հեռանկարների, որովհետև մենք չգիտենք, թե դրսում զարգացումները ինչպես են ծավալվելու, ինչ հարաբերակցություն է ձևավորվելու Ուկրաինայի պատերազմի հետևանքով, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եղածը, ինչ դերակատարում են ունենալու այլ ռեգիոնալ խաղացողներ և այս ուժային բալանսի առնվազն միջանկյալ հանգրվանի պատկերն է զգալիորեն կանխորոշելու նաև Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների տրամաբանությունը, առավել ևս այն դեպքում, երբ մեր ներսում ունենք քաղաքական դաշտ, որի սուբյեկտները գործնականում մշտապես հակված են եղել իրենց վարքագիծը կառուցել դրսից եկող որևէ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ազդակի վրա և բավական թույլ են եղել ներսում սեփական պատկերացումների և պատասխանատվության վրա կառուցված վարքագիծ ձևավորելու առումով։
- Ի վերջո, ինչպե՞ս եք պատկերացնում ներքաղաքական այս իրավիճակից դուրս գալու ելքերը։
- Այստեղ կա սկզբունքային խնդիր։ Եթե դիտարկվում է այն, որ Հայաստանը համաշխարհային այս բարդ իրավիճակում լինի առավելագույնս ինքինշխան և կենսունակ, ապա այստեղ չկա այլընտրանք, քան ներքին դերակատարների միջև նվազագույն պայմանավորվածությունների մեխանիզմի ձևավորումը։ Էլի կլինի թեժ դիմակայություն, թեժ պայքար մոտեցումների համար, սակայն կլինեն ընդհանուր հայտարարի բերված կարմիր գծեր, որպեսզի Հայաստանում իրավիճակը շարունակի լինել Հայաստանում եղած սուբյեկտների տեսանկյունից կառավարելի և ոչ թե դառնա դրսի ուժերի համար կառավարելի իրավիճակ։ Այլ տարբերակի դեպքում Հայատանը կդառնա խոցելի, եթե ներքին քաղաքական զարգացումները ընթանում են անհանդուրժողության և այդ հիմքով կառուցվող դիմակայության վրա և այս տեսանկյունից բոլոր դերակատարները՝ թե՛ քաղաքական ընդդիմությունը, թե՛ քաղաքական իշխանությունը առնվազն այս կարմիր գծի հարցում պետք է գան թեկուզ լռելյայն համաձայնության։ Այսպիսի կոմունիկացիա, որ գոնե այս առումով թույլ չտրվի առանց այդ էլ թուլացված Հայաստանը խոցելի դառնա ներքին զարգացումների տեսանկյունից, իսկ այն, որ արտաքին բազմաթիվ մեծ ու փոքր ուժեր կան, որոնք մշտապես հետաքրքրված են, որ Հայաստանը լինի նվազագույն սուբյեկայնությամբ և առավելագույնս կառավարելի, սա որևէ մեկի համար գաղտնիք չէ։
Անուշ Մկրտչյան