Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե Իրանը, չեղյալ հայտարարելով 2004թ. մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, մայիսի 21-ից սկսելու է երկիր մուտք գործող հայկական պետհամարանիշներով ցանկացած մեքենայից գանձել 120 ԱՄՆ դոլար:
Radar Armenia-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը պարզաբանեց՝ 2018թ. հայկական կողմը որոշեց, որ սահմանից մինչև 1կմ հեռավորության վրա իրանական բեռնատարներից տուրքեր չի գանձելու. «2018թ. խնդիր կար, երբ Իրանի քաղաքացիները մաքսատուրքեր չվճարելու համար սահմանը չէին հատում, բեռները թողնում էին իրենց սահմանին, հայերը Իրանից վերցնում էին»։
Իրանագետը կարծիք հայտնեց, թե ինչու պետք է Իրանը այդպիսի որոշում կայացներ. «Երբ Գորիս-Կապան ճանապարհին եղան խնդիրներ, և իրանցիներից Ադրբեջանը սկսեց հավելյալ տուրքեր գանձել, ստացվեց մի իրավիճակ, որ իրանական բեռնատարը պետք է տուրք վճարի հայկական կողմին և, եթե ցանկանում է օգտվել Գորիս-Կապան ճանապարհից, մեկ անգամ էլ՝ Ադրբեջանին վճարի։ Ադրբեջանին չվճարելու դեպքում պետք է անցնեն այլընտրանքային ճանապարհով, որը ոչ բոլոր բեռնատարներին է հարմար։ Այս ամենի պատճառով, հնարավոր է, Իրանը նման որոշում է կայացրել»։
Երեկ Երևանում՝ հայ-իրանական գործարար համաժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանդյանը մեկնաբանել է, որ Հայաստանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել մեքենաների մուտքի մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ. «Տուրքերը հիմա էլ են գանձվում։ Իմ տեղեկություններով՝ հայկական մեքենաները վճարում են մոտ 240 դոլար, իրանական ավտոմեքենաները նույնպես վճարում են Հայաստանի սահմանը հատելիս։ Այժմ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ: Ամենայն հավանականությամբ՝ երկու կողմերի մուտքի վճարների չափերը զգալիորեն կնվազեն, նախնական պայմանավորվածություն արդեն կա»։
Անուշ Մկրտչյան