ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, նշեց, որ այն անկյունաքարային փաստաթուղթ է. «Առանց այս բարեփոխման՝ մենք չենք կարող մեր երկրի երկարաժամկետ զարգացման երաշխիքներն ապահովել»։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ այս ռազմավարությունը միայն «պետական մեքենայի» բարեկարգման մասին չէ, որովհետև այն ուղղակի ազդեցություն ունի տնտեսության, սոցիալական ոլորտի վրա. «Ամենալուրջ ազդեցությունն ունի նաև իրական հակակոռուպցիոն, արդյունավետ պայքարի վրա։ Կոռուպցիայի հիմնական պատճառը գործառույթի դեֆորմացիան է՝ կանխամտածված կամ հնացված լինելու պատճառով։ Այս ռազմավարության հանրային կարևորությունը շատ մեծ է, այն խարսխային է պետության աշխատանքի տեմպն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Չբարձրացնելով տեմպը՝ խոչընդոտում ենք տնտեսության զարգացմանը, սոցիալական զարգացմանը»։
Հիշեցնենք՝ Կառավարությունը հերթական նիստի ընթացքում հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը: