Օրերս Հայաստան են ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, որոնք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման թեման։ Միաժամանակ, Դուշանբեում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հատուկ ռազմավարական նշանակություն ունի. «Ինչ վերաբերում է պաշտոնյաների հանդիպումներին, ակնհայտ է, որ Հայաստանի վրա ճնշում են գործադրում, որպեսզի շտապ ստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, և կոմունիկացիաները բացվեն։ Ադրբեջանը պահանջներ է դրել Ռուսաստանի առջև և փորձում է նրա միջոցով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի բացվեն կոմունիկացիաներն, խաղաղության պայմանագիր ստորագրվի, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ու, ըստ այդմ, Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Radar Armenia-ի հետ զրույցում Վարդանյանը կարծիք հայտնեց, որ սա կարող է կապվել նաև Դուշանբեում կատարված եռակողմ հանդիպման հետ։
Այս ամենի հետ մեկտեղ, մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն կա նաև եվրոպական երկրների կողմից։ Հարցին՝ արդյո՞ք ռուսական հետաքրքրությունը կապված է նաև Արևմուտքի հետաքրքրությունը «ճնշելու» և տարածաշրջան Արևմուտքի մուտքն արգելափակելու հետ, Վարդանյանը պատասխանեց. «Ռուսաստանը, իհարկե, միշտ էլ խանդով է վերաբերել Արևմուտքի ներկայացվածությանն այս տարածաշրջանում ու միշտ փորձել է սահմանափակել այդ ներկայությունը։ Վերջին՝ բրյուսելյան հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև, շատ բան կտա Ռուսաստանին։ Տարբեր փորձագետներ, պաշտոնյաներ գրեթե բաց տեքստով ասում էին՝ պետք է այնպես անել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացը Բրյուսելը չվերցնի իր ձեռքը»։
Վարդանյանը դժվարանում է ասել, թե այս ամենից հետո ինչ ընթացք կունենա հայ-ադրբեջանական գործընթացը, բայց հույս է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ կմանևրի և չի ցանկանա այս պայմաններում այդ ձևաչափով պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։
Ոսկեհատ Պողոսյան