Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 2022 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված ճանապարհների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև՝ մի շարք ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և դրանց փորձաքննության ծառայությունների համար։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՏԿԵ նախարարությանը հատկացնել 4 մլրդ 750 մլն դրամ, որից շինարարական աշխատանքների համար նախատեսվում է 4 մլրդ 536 մլն դրամ, նախագծման աշխատանքների համար՝ 76 մլն դրամ, փորձաքննական ծառայությունների համար՝ 16 մլն դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 86 մլն դրամ, հեղինակայաին հսկողության համար՝ 34 մլն դրամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնց աշխատանքներն այս տարի կավարտվեն. «Խոսքը Վայոց ձորում Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17,7 կմ հատվածի հիմնանորոգման մասին է և Սարավան-Սարալանջ 16,9 կմ հատվածի հիմնանորոգման մասին։ Վերջին տարիներին մենք, ճանապարհների որակի առումով, էական փոփոխություն ենք արել, բայց դա դեպի Սյունիք տանող ճանապարհն այն հատվածներից էր, որը, որակի առումով, դեռ էական խնդիրներ ուներ։ Հաջորդ հատվածը Սյունքի Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13,1 կմ հատվածի ու Գեղարքունիքի Մարտունի-Աստղաձոր 5,9 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն է, Վայոց ձորի Գետափի հատվածում հողային պաստառի փլուզման հատվածների պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնումը, Արմավիրի մարզում Ալաշկերտի ավտոճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգումը, Լոռու Ստեփանավան քաղաքի փողոցներից մեկի 1,6 կմ-ի հիմնանորոգումը»։
Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ 2022-ին կմեկնարկեն Վայոց ձորի Նորավանք տանող ճանապարհի 8,1 կմ հատվածի հիմնանորոգումը, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ճանապարհի 2,1 կմ և Այգեվան-Եղեգնավան ավտոճանապարհի 2,9 կմ հատվածի հիմնանորոգումը։
Փաշինյանի խոսքով՝ սկսվում են նաև միջպետական նշանակության Աղվանի-Տաթև ավտոճանապարհի կառուցման նախագծային աշխատանքները, հաջորդիվ՝ Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ավտոճանապարհի վերակառուցումը, և Մ3 միջպետական նշանակության նշանակության ավտոճանապարհի կամրջի հիմնանորոգումը Արմավիրի մարզում։
Փաշինյանը նշեց, որ հանգամանքների բերումով Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց է ստեղծվում, ինչը կարևոր ներդրում է Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման առումով։