Քաղաքական

«Մոսկվա-Անկարա հարաբերությունները ելևէջներ են ապրում». Գանտահարյան

«Մոսկվա-Անկարա հարաբերությունները ելևէջներ են ապրում». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է, ով անդրադարձել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։

- Երեկ Դուշանբեում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հանդիպումը։ 

- Դուշանբեն եռակողմ հանդիպումների հերթական օղակն է։ Մեծ հաշվով՝ Բրյուսելն ու Մոսկվան մրցակցում են միջնորդական դերակատարությամբ։ Հիմա Մոսկվան փորձում է համոզել, որ հարցերը լուծողը ինքն է։ Դրա համար այն տպավորությունն են թողնում, որ անցնում են գործնական քայլերի՝ բանակցությունների սկսման, սահմանազատման, սահմանագծման գործողություններին։ Կարծում եմ՝ շուտով կիմանանք Անկարայի պաշտոնական հայտարարությունն այս ուղղությամբ։ Անկարան միշտ պետք է այնպես ցույց տա, որ պայմանավորվածությունները զուտ եռակողմ չեն, և ինքն էլ է ներգրավված պրոցեսին՝ ոչ միայն Բաքվին թելադրելով, այլև՝ ուղղակի փոխկապակցելով Երևան-Անկարա երկխոսությունն ու Երևան-Բաքու բանակցությունները, մանավանդ, որ տարբեր տարածաշրջաններում՝ Ուկրաինայում և, այժմ էլ, Սիրիայում, սուր տեսք են ստացել Անկարայի և Մոսկվայի շահերի բախման երևույթները։ 

- Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ։ Կա՞ն արդեն ռեալ նախադրյալներ, եթե հաշվի առնենք, որ, մյուս կողմից, հրապարակային դաշտում Հայաստանից ու Ադրբեջանից շարունակվում են փոխադարձ քննադատությունները։

- Հայտարարությունները տեղավորվում են եռակողմ հանդիպումների և դրանցից բխած պայմանավորվածությունների շրջանակում։ Այդ բոլորի մեկնակետը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում է ամրագրված՝ տարածաշրջանային ապաշրջափակում։ Զուգահեռ, Բաքուն շարունակում է ապակառուցողականությունը, շանտաժն ու սպառնալիքը։ Ձգվող պրոցես է լինելու, որովհետև Մոսկվա-Անկարա հարաբերությունները ելևէջներ են ապրում։

- Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել է նաև պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը, այդ թվում՝ հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Ինչու՞ է Ադրբեջանը հրաժարվում իր պայմանավորվածություններից, ու ի՞նչ է պետք անել դրա համար։ 

- Ռազմագերիների նոր խմբի ազատ արձակում չի բացառվում, մանավանդ, որ Բլինկենը Ալիևի հետ արծարծել էր հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունը։ Պարզ է, որ Բաքուն շահարկում է հումանիտար խնդիրները՝ քաղաքական առավելություններ ապահովելու նպատակով։ Պաշտոնական լրահոսի այն բաժինը, թե Պետդեպը նշել էր, որ կողմերը քննարկել են նաև առաջիկա հստակ քայլերն՝ ուղղված հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և՝ սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, տրանսպորտային ու հաղորդակցական ուղիների բացմանը և մնացած հայ ռազմագերիների ազատ արձակմանը, խոսում է արդեն հումանիտար խնդիրները Բաքվի կողմից շահարկելու մասին։ Բաքուն ռազմագերիների վերադարձը փոխկապակցում է սահմանազատման քայլերին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական